կարևոր
532 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-27 19:29
Քաղաքական

Կտրականապես մերժում ենք ՀՀ-ի նկատմամբ ցանկացած տարածքային պահանջ․ Իրանի դեսպան

Կտրականապես մերժում ենք ՀՀ-ի նկատմամբ ցանկացած տարածքային պահանջ․ Իրանի դեսպան

«Իրանը կտրականապես մերժում է ցանկացած տարածքային պահանջ, որը խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը։ Հորինված և կեղծ արտահայտությունների օգտագործումը հակասում է տարածաշրջանում խաղաղ համակեցության ծրագրին, հարևանության տրամաբանությանը և այլ երկրների տարածքային ամբողջականությանը, պետք է խուսափել նման արտահայտությունների օգտագործումից»,-այս մասին լրագրողների հետ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ ներկայացնելով Թեհրանի դիրքորոշումը Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված ու ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ 

«Մենք կտրականապես մերժում ենք ցանկացած տարածքային պահանջ, որը խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը։ Ցանկացած կեղծ և շինծու արտահայտություն, որն իրենից կարող է որևէ տեսակի տարածքային պահանջ ենթադրել մեկ այլ երկրի նկատմամբ, մենք դա ևս կտրականապես մերժում ենք։ Այդ հորինված և կեղծ արտահայտությունների օգտագործումը հակասում է տարածաշրջանում խաղաղ համակեցության ծրագրին, հարևանության տրամաբանությանը և այլ երկրների տարածքային ամբողջականությանը, և պետք է խուսափել այդ արտահայտությունների օգտագործումից»,-ընդգծեցլ է դեսպանը։

Անդրադառնալով այդ հռչակագրում տեղ գտած այսպես կոչված «արևմտյան Ադրբեջան» կեղծ խոսույթին, մասնավորապես նշեց․ «Այդ օգտագործվող «արևմտյան Ադրբեջան» անվանումը Իրանի Իսլամական Հանրապետության նահանգներից մեկի անվանումն է։ Այն չի կարող օգտագործվել որևէ այլ աշխարհագրական տարածաշրջանի համար՝ հատկապես, եթե այն ենթադրում է որևէ տեսակի տարածքային պահանջ մեկ այլ երկրի՝ մասնավորապես Հայաստանի նկատմամբ»,-ասաց դեսպանը։