կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-24 02:48
Հասարակություն

Արտագաղթի տվյալները չափազանցված են

Արտագաղթի տվյալները չափազանցված են

Միգրացիոն տեսանկյունից ո'չ 2009-ին, ո'չ 2010-ին արտառոց երեւույթներ տեղի չեն ունեցել. պարզապես որոշ հեղինակների անտեղյակության, որոշ դեպքերում էլ քաղաքական շահարկման նպատակով տրվում են գնահատականներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Նա շեշտեց, որ նույն վիճակն է նաեւ 2011 թ. առաջին 5 ամիսներին:

«Սրանք ավելի շատ ուռճացված թվեր են, խնդրից անտեղյակ լինելու հետեւանք, քան թե իրականություն: Եվ ի՞նչն է կարեւոր` որ հրապարակումների կամ ելույթների հեղինակները չեն մատնանշում, թե ի՞նչ աղբյուրների հիման վրա են նման գնահատականներ տալիս` իբր տարեկան 70000-ի հասնող արտագաղթի ծավալներ կան, իսկ առանձին անձինք անգամ ավելի մեծ ծավալների մասին են խոսում»,- նշեց Գ. Եգանյանը:

Վերջին շրջանում մամուլը հրապարակում է նյութեր արտագաղթի, այսպես կոչված, ահագնացող ծավալների կամ նոր ալիքի մասին: Մասնավորապես` 2010-ի համար խոսվում է, որ միգրացիոն բացասական սալդոն կազմել է 70 հազար մարդ: Մինչդեռ, ըստ միգրացիոն ծառայության պետի, բացասական հաշվեկշիռն ավելացել է ընդամենը 2000-ով` 2009-ին, եւ 4800-ով` 2010-ին:

«Նման պայմաններում չի կարող խոսք լինել զանգվածային արտագաղթի մասին, հատկապես եթե հաշվի առնենք, որ 1992-1994 թթ. միգրացիոն բացասական սալդոն տարեկան կազմել է 120-220 հազար, իսկ 1995-2001 թթ.` յուրաքանչյուր տարի շուրջ 60 հազար մարդ»,- եզրակացրեց Գագիկ Եգանյանը: