Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավելի քան մեկ տարի առաջ Հանրային խորհուրդը անդրադարձավ մեր հասարակության և երիտասարդության ձևավորման վրա կարևորագույն ազդեցություն ունեցող թեմայի՝ քննարկեց մեր հեռուստաեթերի որակը, հեռուստասերիալների թեմատիկան ու դրանցում հնչող լեզվի որակի հարցը, մշակեց բարոյական որոշակի սկզբունքների վրա հիմնված հեռուստաէթիկայի խարտիան, որը ստորագրեցին հայկական հեռուստաընկերությունների մեծ մասը:
Այս նախաձեռնությունը որոշակի ազդեցություն ունեցավ. դրանից հետո կարճ ժամանակում ավարտվեցին սերիալները, և բանական հեռուստադիտողը մի փոքր շունչ քաշեց: Սակայն ընդամենը 3-4 ամիս հետո հեռուստամղձավանջը սկսվեց նոր թափով: Մեր հասարակության մեծամասնությունը կազմող, ճաշակի հարցում առանձնապես պահանջկոտություն չդրսևորող խավերի համար նախատեսված քրեական աշխարհի վարքուբարքը, այլանդակ բարքերը, ողբուկականն ու ցենզուրայից դուրս հումորը նորից սողոսկեցին եթեր:
Հեռուստառեյտինգի համար պայքարի առաջամարտիկները աստիճանաբար իջեցնում են ճաշակի նշաձողը՝ առանձնապես չմտահոգվելով, թե կյանքի ինչ նորմերն են դառնում հասարակության աչքի համար սովորական: Ազատականությունը, իր ամենաանընդունելի դրսևորումներն է ստացել հենց այս ոլորտում և, որևէ մեկին, կարծես, չի մտահոգում, որ պետական սեփականություն հանդիսացող կապուղիների բաշխումը կատարելիս, բացի կոմերցիոն նպատակներից և ֆինանսական պարտավորություններից, պետք է հստակ արձանագրված լինեն այն չափանիշները և նվազագույն պարտավորությունները, որոնք պետք է ունենան հեռուստաընկերությունները պետության և հասարակության առջև: Եվ այդ տեսանկյունից, առաջին հերթին, դրանք պետք է սահմանվեն հարկատուների հաշվին ֆինանսավորվող Հանրայինի համար: