կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-21 22:32
Հասարակություն

Պետությունը կանգնած է ձեր կողքին այնպես, ինչպես դուք կանգնած եք պետության կողքին. Նախարարը` Հ.Մ.Ը.Մ.-ականներին

Պետությունը կանգնած է ձեր կողքին այնպես, ինչպես դուք կանգնած եք պետության կողքին. Նախարարը` Հ.Մ.Ը.Մ.-ականներին

Հուլիսի 21-ին 11-րդ համա-Հ.Մ.Ը.Մ.-ական բանակումի մասնակիցները տողանցքով Ազատության հրապարակից քայլեցին դեպի Հանրապետության հրապարակ: 

Տոնակատարության շրջանակում Հանրապետության հրապարակ բերվեցին հինգ կարևորագույն դրոշերը՝ ՀՀ դրոշը, Հ.Մ.Ը.Մ.-ի դրոշը, Հ.Մ.Ը.Մ-ՀԱՍԿ դրոշը, Հ.Մ.Ը.Մ.-ի 100 ամյակին նվիրված դրոշն ու համաշխարհային սկաուտական շարժման դրոշը:

Միջոցառման սկիզբն ազդարարեց Հոմենեթմեն ՀԱՍԿ-ի շեփորային նվագախումբը, որից հետո մեծ շուքով մեկը մյուսի հետևից Հանրապետության հրապարակ մտան տողանցքի մասնակիցները՝ աշխարհի տարբեր երկրներից:

Ողջույնի խոսքով հանդես եկավ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը.

«100 տարի առաջ հիմնադրվեց Հ.Մ.Ը.Մ-ն, և այս ողջ տարիների ընթացքում այն կատարել է իր սուրբ առաքելությունը հայրենիքի  և սփյուռքում բնակվող հայրենակիցների առաջ: Բյուրականում ծանոթացել եմ հարյուրավոր հոմենեթմենականների հետ, զրուցել նրանց հետ, տեսել նրանց ոգևորվածությունը, պայծառ լուսավոր դեմքերը՝ ինքս լցվելով հպարտությամբ: Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միությունը  կրթում է հայ երիտասարդին, կերտում է նրան առողջ ոչ միայն մարմնով , այլ նաև հոգով ու մտքով»,- ասաց Մխիթար Հայրապետյանը:

Նախարարը նաև շեշտեց, որ թավշյա հեղափոխության հաղթանակում անուրանալի է նաև սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայի դերը:

 «Դեռ մի քանի ամիս առաջ, նույն այս հրապարակում կանգնած, մենք զգում էինք ձեր աջակցությունը ու նաև հենց ձեր շնորհիվ է, որ թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում մենք ունեցանք փառահեղ հաղթանակ : Հ.Մ.Ը.Մ-ն կերտում է քաղաքացի` իր բարձր քաղաքացիական գիտակցությամբ: Շնորհավորում եմ բոլորիս, շնորհակալություն եմ հայտնում Հ.Մ.Ը.Մ ղեկավար կազմին, 11-րդ բանակման բոլոր կազմակերպիչներին, հայ ժողովրդի համար դուք հպարտություն եք, պետությունը կանգնած է ձեր կողքին այնպես, ինչպես դուք կանգնած եք պետության կողքին: Փառք ձեզ»,-ասաց նախարարը: