կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-06 00:29
Առանց Կատեգորիա

Թանգարան, որտեղ ցուցադրված են հայեր

Թանգարան, որտեղ ցուցադրված են հայեր

Ադանայից շարժվում ենք դեպի Անտիոք, թուրքերն այն Անտակիա են կոչում: Առաջինը մտնում ենք Մուսա լեռան լանջին գտնվող Վաքիֆլի գյուղը` թանգարան, որտեղ ցուցադրված են հայերը: Էնվերն ու Թալեաթը որոշել էին միայն մի հայ թողնել, այն էլ` թանգարանում: Սա միակ գյուղն է ներկայիս Թուրքիայի տարածքում, որը հայկական է, որտեղ հայեր են ապրում` այն եզակի հայերը, որոնց իրենց հայրենիքում ապրելու իրավունքից չեն զրկել:

Թալին Քարտունը, ում հանդիպում ենք գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում (կառուցվել է 1890 թվականին` որպես շերամագործության կենտրոն, այնուհետեւ` 1924 թվականին եկեղեցի են դարձրել), պատմում է, որ  տեղի հայկական յոթ գյուղերի բնակիչների մի մասը 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին գաղթել է այլ բնակավայրեր, մյուսներն էլ աստիճանաբար խմբվել են այս գյուղում:

Թալինը մանկությունն այստեղ է անցկացրել, հետո տեղափոխվել է Երեւան, կրթություն ստացել ու վերադարձել` հարս եկել Վաքիֆլի: Պատմում է, որ գյուղում 35 տուն կա, 135 մարդ է ապրում: Մեծ մասը ծերեր են, երիտասարդները կրթություն ստանալու համար Ստամբուլ են գնում: Հայկական դպրոց չկա. թեեւ դրա համար շենք կա, բայց կողպված է. ուսուցիչ չկա ու դպրոցահասակներն էլ ընդամենը քսանհինգն են` տարբեր տարիքի, նույն խմբում ուսանել չեն կարող:

Գյուղը քահանա չունի, ժամանակ առ ժամանակ Ստամբուլից քահանա են ուղարկում. գալիս է մի երկու շաբաթ մնում, եկեղեցական արարողությունները անում, երեխաների հետ հայերեն պարապում` թուրքերեն տառերով հայերեն:

Հարցին, թե երեխաներն ի՞նչ լեզվով են իրար հետ խոսում, Թալինը պատասխանում է. «Մուսա լեռան բարբառով են խոսում, թուրքական դպրոց են գնում, թուրքերեն ավելի շատ են խոսում, բայց հայերեն հասկանում են: Իսկ ամռանը` մեր եկեղեցու տոնին, երբ շատ հայեր են գալիս, գյուղում մոտ 3000 հայ է լինում: Հարիսա ենք եփում: Ոնց որ երեխաների լեզուն էլ է փոխվում, հայերեն են խոսում»:

Գյուղում մարդիկ այգեգործությամբ են զբաղվում: Թալինի ամուսինը մեծ մեքենա ունի, նարինջը մշակում են, հետո տանում Մարաշի շուկա վաճառելու: Ի դեպ` նրանց այգիները մշակում են տաճիկները` թուրքերը, իրենք հետեւում են աշխատանքներին:

Իսկ Վահանուշ Քարտունն արդեն քառասուն տարի է` Գերմանիայում է բնակվում, միայն տարվա 5-6 ամիսն է բարեկամների մոտ` Վաքիֆլիում անցկացնում:

Գյուղի ամենածեր բնակիչը 97-ամյա Ավետիս Դեմիրչին է: Նա այս գյուղում է ծնվել ու ամբողջ կյանքն այստեղ է ապրել: Հիշում է, որ իրենց գյուղում հայկական դպրոց կար, բայց հայրն իրեն կրթության չտվեց. «Հովիվ էր, երեք ոչխար ունեինք: Բայց հայկական ինչ գիրք, թերթ լիներ գրպանս էի դնում ու կարդում: Շատ էի սիրում կարդալ. մեր գյուղում ինձ նման հայերեն կարդացող չկար»:

Պապիկն ասում է, թե երկու տարի առաջ հիշողությունն ավելի լավ էր, իր կյանքում տեսած պատերազմների մասին մանրամասները հիշում էր, հիմա աչքերն էլ լավ չեն տեսնում, գիրք էլ չի կարդում:  Խնդրում ենք հայերեն մի բան երգի, Հայաստանի հիմնն է երգում, հետո էլ. «Մենք անկեղծ զինվոր ենք, ուխտել ենք ծառայել երկար ժամանակ, կյանքի փրկություն, համոզված ենք, որ միայն զենքով կա հայուն փրկություն»:

Թալինը պատմում է, որ Վաքիֆլի այցելողները ցանկանում են անպայման տեսնել գյուղի ամենածեր հային: Իսկ հարցին, թե երիտասարդ ընտանիքներ կա՞ն, պատասխանում է` մոտ տասը ընտանիք, բայց... Վերջին երկու տարիներին գյուղում երեխա չի ծնվել. «Անցյալ շաբաթ երկու մարդ մահացավ: Մեռնողներն ավելի շատ են»:

Իսկ վերջին հարսանիքը չեն էլ հիշում, թե երբ է եղել: Վաքիֆլիի գյուղապետ Պերճ Քարտունը, մտածկոտ, հարց է տալիս. «Վերջին անգամ ո՞ւմ կարգեցինք: Երեւի տասը տարի առաջ էր»: Հետո պատմում է, որ գյուղում ամուսնանալու տարիքն առած տղաներ կան, բայց աղջիկ չեն գտնում` հայաստանցիները Թուրքիա, իսկ ստամբուլահայերն առահասարակ գյուղ գնալ չեն ուզում: Երեւի սա է պատճառը, որ այլազգի հարսներ ունեն` հույն, ռուս, թուրք: Թալինն ասում է, լավ չէ, բայց դե ի՞նչ արած, եթե իրար սիրում են:

Այնքան վաղուց հարսանիք չեն արել, որ չեն էլ հիշում` հայկական ավանդույթներո՞վ են անում, թե՞ ոչ: Թալինը միայն պատմում է, որ հարսանիքներին թուրք երաժիշտների են կանչում, հայ երաժիշտներ չկան:

Հայերի թանգարանն էլ աստիճանաբար թուրքացվում է:

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Վաքիֆլի