|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին անցյալ շաբաթվա վերջին ընդունել է հայ համայնքի ներկայացուցիչներին եւ խոստացել է չխոչընդոտել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վավերացմանը ու չկաշկանդել իր համակիր սենատորների գործողությունները: Ընդհակառակը` նա մեկ անգամ եւս հստակեցրել է, որ ինքը մերժում է ցեղապաշտությունը` ընդգծելով, որ «ժխտողականությունը հավասարազոր է ցեղապաշտությանը»։
Ավելի քան մեկուկես ժամ տեւած հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ ներկայացուցիչ եւ CCAF-ի համանախագահ Մուրադ Փափազյանը, CCAF-ի համանախագահ Արա Թորանյանը, Շառլ Ազնավուրի ներկայացուցիչ Լեւոն Սայանը, ներկա են եղել նաեւ Պատրիկ Դեւեջյանը եւ Ժան Սարկոզին։
Վաղը` մայիսի 4-ին, Ֆրանսիայի Սենատը քննարկելու եւ քվեարկության է դնելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը երկրի Ազգային ժողովը վավերացրել էր 2006-ի հոկտեմբերի 12-ին:
Ըստ Ֆրանսիայի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Հրաչ Վարժապետյանի` հակառակ Թուրքիայի բացահայտ ճնշումներին` հայ համայնքը միացյալ ուժերով շարունակում է պայքարել Սենատում օրինագծի վավերացման համար` առաջին հերթին հանուն արդարության եւ մարդկության արժանապատվության:
Հայ Դատի տնօրենի խոսքերով` հայ համայնքի ներկայացուցիչները` որպես Ֆրանսիայի լիիրավ քաղաքացիներ, իրավունք ունեն պահանջներ դնելու իրենց ներկայացուցիչների առջեւ, մինչդեռ «թուրքական պետական միջամտությունն անընդունելի է եւ ընկալվում է որպես մի պետության կողմից այլ ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտություն»: