կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-30 23:15
Առանց Կատեգորիա

Կոնգրեսի սկզբունքների "էվոլյուցիան"

Կոնգրեսի սկզբունքների "էվոլյուցիան"

BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում, լավատեսություն հայտնելով Հայաստանի ապագայի կապակցությամբ, Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է. «Այժմ մի խնդիր ունենք` մեզանում իշխանությունն աղճատված է: Դա վերականգնելուց հետո ամեն ինչ տեղը կընկնի...»:

Ուշադրություն դարձնենք` Տեր-Պետրոսյանը խոսում էր ոչ թե իշխանությունը փոխելու, այլ ընդամենը դրա աղճատվածությունը կամ խեղաթյուրվածությունը վերացնելու մասին: Այս ձևակերպումը նրա շուրթերից լսելն իսկապես տարօրինակ է. 2007թ. նա քաղաքականություն վերադարձավ իշխանությունը փոխելու, այլ ոչ թե դրա խեղաթյուրվածությունը վերացնելու հավաստիացումներով: Բայց ասվածը լեզվական սայթաքում կամ էլ ավելորդ անհամեստությունից խուսափելու ձև չէր:

Մարտի 24-ի իր ասուլիսում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարում էր. «Ընդդիմությունը միավորված է մեկ նպատակի՝ Սերժ Սարգսյանի ռեժիմի, այս քրեաօլիգարխիկ ռեժիմի հեռացման շուրջ»: Այսինքն՝ այդ ժամանակ դեռ արտահերթ ընտրությունները դիտարկվում էին որպես Սերժ Սարգսյանի «քրեաօլիգարխիկ» ռեժիմը հեռացնելու միջոց:

Ապրիլի 8-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը «մի փոքր» փոխեց շեշտադրումները արտահերթ ընտրությունների նպատակների առումով: «Նրանք, ըստ երեւույթին, չափազանց անհանգստացած են իշխանության եւ Կոնգրեսի միջեւ երկխոսության կայացման հեռանկարից, որի հետեւանքը կարող են լինել արտահերթ ընտրությունները»,- ասում է առաջին նախագահը` փորձելով դավադրություն տեսնել «Երրորդ ուժի» ստեղծման հավակնորդների նկրտումներում:

Բայց Տեր-Պետրոսյանը չբացատրեց, թե եթե իրենց պահանջած ընտրությունների նպատակը իշխանություններից ձերբազատվելն է, ինչո՞ւ պետք է այդ ուժերը անհանգստացած լինեին արտահերթ ընտրությունների հեռանկարից: Փաստորեն, նա այդ ժամանակ արդեն հուշում էր, որ արտահերթ ընտրությունների նպատակը բոլորովին այլ է, ասենք` «ազգային համերաշխության կայացման» կայացումը:

Իսկ ահա ապրիլի 28-ի հանրահավաքում ունեցած իր ելույթում նա ընդհանրապես ոչ մի բառ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջի մասին չի ասում: Փոխարենը խոսում էր «քաղաքական մթնոլորտի առողջացման», իսկ որ է՛լ ավելի հետաքրքիր է` երկրում «սոցիալական, տնտեսական, քաղաքական և ժողովրդավարական բարեփոխումների իրականացման անհրաժեշտության» մասին:

Խոսքն, իհարկե, այն մասին չէ, որ ՀԱԿ-ը հրաժարվել է արտահերթ համապետական ընտրությունների գաղափարից, բայց ակնհայտ է, որ ոչ միայն այդ ընտրություններն այլևս չեն դիտարկվում որպես այս իշխանություններին հեռացնելու միջոց, այլև ՀԱԿ-ն աստիճանաբար օրակարգից հանում է դրա անհրաժեշտության հարցը: Եթե իսկապես այդպես է, ապա ընտրությունները հերթական, թե արտահերթ, սկսում են ընկալվել որպես «սոցիալական, տնտեսական, քաղաքական և ժողովրդավարական անհրաժեշտ բարեփոխումներն իրականացնելու», իսկ ավելի պարզ ասած` պետական լծակներից օգտվելու հնարավորություն ձեռք բերելու միջոց:

Եվ այդ մասին ապրիլի 28-ի հանրահավաքում շատ թափանցիկ ակնարկեց ՀԱԿ-ի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը` բառացիորեն ասելով հետևյալը. «Մենք ունենք ընդամենը մեկ տարբերակ` խաղաղ ու քաղաքակիրթ ճանապարհով երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու, այն է` այս իրավիճակից դուրս գալու ելքերը մեր համախմբվածությամբ ու համբերությամբ իշխանությանը պարտադրելու, դրանով իսկ երկիշխանության տարրեր ձևավորելով` միապետությունը ժողովրդավարության վերածելու համար»:

Այդ քարտ-բլանշը ՀԱԿ-ին տվեց Սերժ Սարգսյանը` հայտարարելով. «Այսօր մենք ունենք ուժեղ իշխանություն, ունենք ընդդիմություն, որը թույլ չի տալիս իշխանություններին՝ իրենց զգոնությունը թուլացնել, և համագործակցելով մենք կարող ենք մեր երկրին ապահովել լուրջ հաջողություններ»:

Պատահական չէ, որ հենց այս ամենի ֆոնին ՀԱԿ-ից սկսեցին դրական մեսիջներ հղվել հասարակությանն առ այն, թե երկրի հանքարդյունաբերողների առջև նախագահի դրած խնդիրները հուշում են, որ իշխանությունը ձեռնամուխ է եղել իրենց մշակած` հակաճգնաժամային «100 քայլ» ծրագրի իրագործմանը: Փաստորեն, փորձ է արվում «100 քայլի» հենքին ձևավորել այդ «համագործակցության» օրակարգը:

Իհարկե, քննարկելու հարց է այս նոր միտումները և ՀԱԿ-ի նպատակադրումների փոփոխությունը բխում է ազնի՞վ նկրտումներից, թե՞ տակտիկական քայլեր են` իշխանությունը ներսից պայթեցնելու և այդ ճանապարհով իշխանության գալու համար: Վերջինիս փորձը ՀԱԿ-ի գեներատորի դեր կատարող ՀՀՇ-ն ունի. 1990թ. Գերագույն խորհրդի ընտրությունների ժամանակ հենց այս ճանապարհով այն եկավ իշխանության: Իսկ որ հին տակտիկայից օգտվելու ձևերը Տեր-Պետրոսյանը լավ գիտի, դրանում ոչ ոք կասկած չունի:

Գեւորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ