Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հաշւած ժամեր ու ահա 2022 թւականը կը դառնայ պատմութիւն, որը նախորդող թւականների նման գնահատւելու է գալիք սերունդների եւ անխուսափելիօրէն՝ անաչառ պատմաբանի կողմից։
Մինչայդ, սակայն, մաղթենք, որ 2023 թւականը, մեկնարկով իսկ դառնայ ազգովի շրջադարձ ապրելու տարի։
Շրջադարձ՝ համազգային միասնութիւնն ու համերաշխութիւնն վերաիմաստաւորելու-վերականգնելու անհրաժեշտութեան հաւաքական գիտակցութեամբ։ Սա իր հերթին արդիւնաւորւելու է վերջին ձախորդ ժամանակաշրջանում Ազգային ու Պետական կորցրած ուժականութեանը վերատիրանալու փրկարար հանգամանքով։
...Հազարամեայ պատմութեամբ, ժամանակակից ու ընթացիկ օրինաչափութիւններով ապացուցւել ու փաստւել է, որ ՀԱՅԱԿԵՆՏՐՈՆ-ութեան օրիենտացիայով Ազգային թէ Պետական ձեռքբերումներն հաստատապէս երաշխաւորւած են եղել։ Եւ հակառակը՝ որեւիցէ այլ դիմաշրջում դէպի ոչ-սեփականն ու ոչ-հայկականը, շարունակական կորուստներ է պարտադրել մեզ թէ՛ ազգովի, եւ թէ՛ պետական մասշտաբներով...
Ահաւասիկ, վերոգրեալ քիչ թէ շատ միեւնոյն մտորումներով ամենքս բախւում ու ընկղմւում ենք օրախնդիր՝ ինչպէս համայնքային ու ընտանեկան հոգսերի յորձանուտում, այնպէս էլ դեռ կրկնակիօրէն՝ հայրենական-համազգային մասշտաբի ձախողումներ-մարտահրաւէրներին։ Իսկ առանց այս վերջինների յաղթահարման, ինչ խօսք՝ անիմաստ ու անհեռանկարային են թէ՛ համայնքայինը, եւ թէ՛ ընտանեկանն ու անձնական-անհատականը...
Այո՛, ազգովի շրջադարձ վերապրելու պարտաւորութիւն- գիտակցութիւն է հարկաւոր՝
Հայաստան-Արցախով,
Սփիւռք-արտերկրով,
Եկեղեցի- պետութեամբ,
Գիտնական-մտաւորականով ու...
Առհասարակ հայաշխարհի հասարակայնութեան զանազան շերտերով ու ամենատարբեր խաւերով...
Թող 2023 թւականը հայոց համար լինի վերազարթօնքի, վերակազմակերպւելու եւ կորցրած հոգեւոր-նիւթական արժէքների վերատիրացման տարի...
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ