Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Կուսակցության ստեղծումն իմ եւ իմ համախոհների կոլեկտիվ նախաձեռնությունն է»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսն այսպես սկսեց երկու անգամ հանրապետական եղած ու հիմա էլ «շրջադարձ» կատարած Սիմոն Ղոնաղչյանը:
«Լինելու ենք աջ, աջ կենտրոնամետ, ընդդիմադիր եւ միանշանակ մասնակցելու ենք 2012-ի ընտրություններին»,- ասաց նա:
Չբացառելով, որ մինչ ընտրությունները գուցե դաշինք կազմեն ընդդիմադիր այլ կուսակցությունների հետ` «Շրջադարձի» նախագահը նշեց, որ պոտենցիալ դաշնակից է համարում ընդդիմադիր դաշտում գործող բոլոր ակտիվ կուսակցություններին, որոնք կգնահատեն իրենց հետ լինելու հնարավորությունը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի հետ համագործակցելուն, Սիմոն Ղոնաղչյանը նշեց, որ թեեւ հատուկ շփումներ կոնգրեսի հետ չի ունեցել, բայց մեծ հարգանք ունի ՀԱԿ-ի ղեկավարների նկատմամբ:
Սեփական շանսերն առաջիկա խորհրդարանական ընտրություններում Ղոնաղչյանը բավական բարձր է գնահատում եւ կարծում է, որ ընտրությունների շեմին հենց այդպես էլ կգնահատի ժողովուրդը:
260 մարդուց բաղկացած այս կուսակցությունը հետագայում եւս շատ բազմամարդ չի լինի: Կուսակցության նախագահի խոսքով, հենց սա է իրենց գլխավոր սկզբունքը: «Շատ անդամով կուսակցությունը նշանակում է հսկայական ֆինանսական ռեսուրս ունենալ, ինչը դժվար կառավարելի է, եւ ծախսատար մենեջմենթ է»,- ասաց նա:
«Իսկ ինչո՞վ է տարբերվելու այս կուսակցությունը մյուսներից» հարցին Ղոնաղչյանը պատասխանեց, որ իրենց օրիգինալությունը կերեւա կուսակցության վարքում. «ՀՀ-ում յուրաքանչյուր քաղաքացի դժգոհություն ունի, եւ դժգոհության առանձնակի ձեւակերպման անհրաժեշտություն չկա: Ակնհայտ է, որ սոցիալ-տնտեսական իրավիճակը վերահսկելի չէ, իշխանությունները չեն կարողանում շտկում, շրջադարձ մտցնել այդ բացասական միտում ունեցող գործընթացներում, եւ այս կուսակցության ստեղծումը միգուցե ընդվզում է, միգուցե դժգոհության արտահայտություն»:
Երեւի այդ վիճակի հետ չհաշտվելն է պատճառը, որ Սիմոն Ղոնաղչյանը, առաջին անգամ դառնալով ՀՀԿ անդամ, դուրս եկավ այն ժամանակ, երբ կուսակցությունն ընդդիմությունից անցավ իշխանություն, ասել է թե, Հանրապետական կուսակցության մեջ է եղավ այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀԿ-ն ընդդիմություն էր: Ինքն իր մասին նաեւ ասաց, որ Հանրապետականում միշտ եղել է պասիվ անդամ, որեւէ ակտիվ դերակատարություն չի ունեցել ու հիմա էլ չի հավակնում այդ մասին հայտարարել:
Երկրորդ անգամ Հանրապետականից դուրս եկավ, որովհետեւ իր կարծիքի հետ ոչ ոք հաշվի չէր նստում. «Այն պահից, երբ հասկացա, որ այդ կուսակցությունը` որպես թատերաբեմ, այլեւս չի կարող բավարարել իմ քաղաքական ամբիցիաները, քննարկումների հիերարխիան, խողովակները չեն աշխատում, որոշեցի դուրս գալ եւ ստեղծել նոր քաղաքական միավոր»: Ղոնաղչյանն ասում է, որ այսօր էլ շատ ցավոտ է վերաբերվում Հանրապետական կուսակցության հաջողություններին ու անհաջողություններին, եւ որպես մարդ` հիմա էլ անտարբեր չէ այդ կուսակցության նկատմամբ: