կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-20 23:36
Առանց Կատեգորիա

Ինչպես սրբագրել անցյալը

Ինչպես սրբագրել անցյալը

BBC ռուսական ծառայության տված հարցազրույցում հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է, թե ԼՂ հակամարտության կարգավորմանը կողմերն առավել մոտ եղել են 1997թ., քանի որ` այն ժամանակ «հնարավորություն կար լուծելու այն. որոշ տարածքներ հանձնելով Ադրբեջանին, կնքել հաշտություն, ստեղծել ԼՂ միջանկյալ կարգավիճակ, հետագայում վերջնականը որոշելու պայմանով»:

Առաջին նախագահի այս մոտեցումը փաստում է, որ նախ անցած 14 տարիների ընթացքում ոչ միայն ԼՂ հարցի լուծման նկատմամբ մոտեցումները, այլև իրավիճակի Տեր-Պետրոսյանի գնահատականները էականորեն չեն փոխվել: Հակամարտության վերջնական կարգավորումը հիմա նույնքան հեռու է թվում, որքան 1997թ., անկախ նրանից, թե Տեր-Պետրոսյանն ինչպես է մոտենում այդ իրողությանը: 1997թ., սեպտեմբերին նա առաջարկում էր փուլային լուծման տարբերակը:

Մի փոքր ավելի ուշ, նոյեմբերին հանդես գալով իր հայտնի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածով, նա ընդունելի է համարում արդեն, այսպես կոչված, խառը լուծման, այսինքն՝ փուլայինի և փաթեթայինի համադրման հնարավորությունը. «Թե՛ փաթեթային, թե՛ փուլային լուծումները ես համարել եմ իրական տարբերակներ: … Վիճակը ես ողբերգական կամ փակուղային չեմ համարում, քանի որ հնարավոր է այդ երկու տարբերակները հեշտությամբ համատեղել: Գաղափարը շատ պարզ է. բանակցությունների արդյունքում ստորագրվում է կարգավորման փուլային տարբերակը, բայց այն կիրառվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից հետո»:

Արդեն այսօր BBC-ին տված հարցազրույցից պարզ է դառնում, որ կարգավորման փուլային տարբերակն ամրագրող փաստաթուղթը կյանքի էր կոչվելու ոչ թե ԼՂ վերջնական, այլ ընդամենը ժամանակավոր կարգավիճակը որոշելուց հետո: Իսկ վերջնական կարգավիճակը, ըստ այդ մոտեցման, պետք է հստակեցվեր ԼՂ-ին հարակից տարածքները հանձնելուց հետո, երբ հայկական կողմի ձեռքին ոչ մի ուժեղ խաղաթուղթ այլևս չէր լինելու: Այսինքն՝ խոսքը ոչ թե խառը կամ փաթեթային, այլ հենց ուղղակի փուլային լուծման տարբերակի մասին էր:

Ներկայիս իշխանության դիրքորոշումները տարածքների հանձնման և ԼՂ-ին միջանկյալ ժամանակավոր կարգավիճակ տրամադրելու հարցում էականորեն չեն տարբերվում տերպետոսյանական մոտեցումներից: Դրանք ընկած են սեղանին դրված մադրիդյան փաստաթղթի հիմքում: Ողջ խնդիրն այն է, թե ինչի դիմաց է հայկական կողմը ներկայումս համաձայնում հանձնել այդ տարածքները և ինչ է իրենից ներկայացնելու այդ ժամանակավոր կարգավիճակը: Հայկական կողմի հիմնական պնդումը ներկայումս այն է, որպեսզի, նախքան խաղաղության վերջնական պայմանագրի ստորագրումը, ԼՂ ժողովրդին տրվի իր կարգավիճակը հանրաքվեի կամ պլեբիսցիտի միջոցով որոշելու միջազգայնորեն երաշխավորված իրավունք, իսկ մինչ այդ, ԼՂ-ին տրվի այնպիսի կարգավիճակ, որը որոշակիորեն կլեգիտիմացնի ԼՂՀ ներկայիս իշխանությունների կարգավիճակը:

Մինչդեռ տերպետրոսյանական սխեմայով ոչ թե ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, այլ կարգավիճակը բանակցություններով որոշելու վրա էր խարսխված: Ի դեպ, Տեր-Պետրոսյանն ինքն է ընդգծել այդ էական տարբերությունը դեռ 2007թ.:

«Իրերն իրենց անունով կոչելու և հաշիվ պահանջելու ժամանակը» վերնագրված ելույթում 2007թ. աշնանը նա ասում է. «Համանախագահների մշակած խնդրո առարկա փաստաթղթում (նկատի ունի մադրիդյան փաստաթուղթը-հեղ.), կողմերի դեմքը փրկելու համար, ավելացված է միայն մի անորոշ կետ Ղարաբաղում անցկացվելիք հանրաքվեի կամ ժողովրդական հարցման՝ պլեբիսցիտի մասին»:

Այս տարբերության առկայությունը, սակայն, չի նշանակում, թե գործընթացը ներկայումս գտնվում է մեզ համար ավելի շահեկան վիճակում: Ի տարբերություն 1997թ., այսօր Լեռնային Ղարաբաղն առհասարակ բանակցային կողմ չէ, ինչի հետևանքով հարցը միջազգային հանրության մոտ ոչ թե ինքնորոշման համար մղվող պայքարի, այլ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճի համատեքստում է ընկալվում: Բացի դրանից` առայժմ անորոշ է` ԼՂ ժողովրդի կամարտահայտության ձևաչափի հարցը և ինչ իրավական ուժ է այն ունենալու: Սակայն հիմա գոնե հայկական կողմը, թեկուզ ուշացած, համառություն է դրսևորում ու ավելորդ զիջումների կարծես թե չի գնում:

Եվ չնայած խոսքը կրկին մեծ հաշվով գնում է փուլային լուծման շուրջ, սակայն պայմանավորվածությունները հենց փաթեթային տարբերակով են ձեռք բերվում: Ինչևէ. անգամ հիմա կարելի է հակամարտությունը շատ արագ հանգուցալուծել` ամեն ինչ հենց այնպես զիջելով հակառակորդին, ինչպես պատրաստ էր վարվել Տեր-Պետրոսյանը 1997թվին: Հետո այդ քայլն անող յուրաքանչյուր նախագահի համար այլևս դժվար չի լինի BBC-ով հպարտանալ, որ ամենաշրջահայաց և ողջախոհ տարբերակն ինքն էր առաջարկել:

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ