կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-08 12:32
Քաղաքական

ՌԴ կառավարության պաշտոնական կայքը սրբագրել է նախագահ Սարգսյանի խոսքերը

ՌԴ կառավարության պաշտոնական կայքը սրբագրել է նախագահ Սարգսյանի խոսքերը

ՌԴ կառավարության պաշտոնական կայքը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունում սրբագրել է ՀՀ նախագահի ելույթը:

Հաղորդագրությունում մանրամասն ներկայացված է միայն Մեդվեդևի ելույթը, իսկ Սերժ Սարգսյանի ելույթը կայքը որոշել է ներկայացնել հնարավորինս մեղմ՝ չհիշատակելով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ դժգհությունները և Ադրբեջանի ագրեսիայի մասին նախագահի մտահգությունները, ինչպես նաեւ ԵՏՄ-ի մասին ՀՀ նախագահի արտահայտած դժգոհությունը:

Այսպես՝ Մեդվեդեւի պաշտոնական կայքը տեղեկացնում է միայն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Դմիտրի Մեդվեդևին սահմանին վերջին օրերին իրադարձությունների զարգացումը` հույս հայտնելով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարող են միջնորդական աջակցություն ցուցաբերել իրավիճակի կարգավորման համար, նա նաև ափսոսանք է հայտնել, որ տարածաշրջանում իրավիճակի սրումը պատճառ է դարձել Երևանում ԵՏՄ գագաթաժողվի չեղարկման համար:

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան ավարտված հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանն ասել է բառացիորեն հետեւյալը. «Դմիտրի Անատոլիի, վստահ եմ, գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից: Դա հասկանալի է, քանի որ Հայաստանում ժողովրդական մակարդակով Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից և բարեկամ: Այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մենք չենք բացառում հերթական սադրանքը, քանի որ և՛ երեկ, և՛ այսօր լրատվական դաշտում այդ սադրանքները շարունակվում են, և մենք, իհարկե, մեծ պատրանքներ չունենալով, ակնկալում ենք Մինսկի խմբի համանախագահներից և մեր դաշնակիցներից հասցեական հայտարարություններ և որոշակի գործողություններ, որովհետև երկրորդ փորձը, կարծում եմ, կբերի լայնամասշտաբ օպերացիայի, քանի որ հենց սկզբից մենք՝ որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի մասնակից երկիր, չէինք կարող մի կողմ մնալ այդ ամենից: Եվ, իհարկե, Դմիտրի Անատոլիի, ցավում եմ, որ ԵԱՏՄ մասնակից երկրներից մեր որոշ գործընկերներ հրաժարվել են գալ Երևան՝ նախօրոք ծրագրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ես չգիտեմ, դրանով նրանք որքանով օգնեցին Ադրբեջանին, բայց որ հաստատապես գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը, դա միանշանակ է»: