Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արցախյան որոշ տարածքներ Ադրբեջանին հանձնելու միջոցով 1997 թվականին հնարավորություն կար լուծելու ԼՂ հակամարտությունը, հաշտություն կնքելու, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ ստեղծելու` այն հետագայում որոշելու պայմանով. BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Հարցին, թե ինչո՞ւ դա տեղի չի ունեցել, նա պատասխանել է. «Քանի որ ղարաբաղցիները կարծում էին, որ դա քիչ է: Մոտեցումը մաքսիմալիստական էր: Նրանք կարծում էին, որ կարելի է էլի ապրել եւ ստանալ ավելին: Այսինքն` ոչ միայն ղարաբաղցիները, այլեւ իմ շրջապատը, իմ թիմի որոշ անդամներ: Նրանք չգնացին այդ ծրագրին: Ես նրանց ասացի` եթե կարծում եք, որ կա ավելի լավ լուծում, խնդրեմ, փորձեք»:
Ի պատասխան այն հարցին, թե Հայաստանում պատկերացնո՞ւմ էին` ինչի կհանգեցնի Ղարաբաղյան շարժումը, երբ սկսում էին այն, Տեր-Պետրոսյանը պատասխանել է. «Ոչ չէինք պատկերացնում: Երբ մենք սկսում էինք 1988-ին, որեւէ մեկը չէր էլ կարող պատկերացնել, որ Խորհրդային Միությունը կփլուզվի: Մենք ելնում էինք նրանից, որ կա ԽՍՀՄ, կա Սահմանադրություն եւ այդ Սահմանադրության շրջանակներում մեզ թույլ էր տրված բարձրացնել հարց` դուրս բերել Ղարաբաղը Ադրբեջանի կազմից եւ ընդգրկել Հայաստանի կազմում: Նման նախադեպեր եղել են»:
Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է նաեւ, որ այսօր մեկ խնդիր կա Հայաստանում` «աղավաղված իշխանությունը»: Եվ եթե Հայաստանին հաջողվի հաղթահարել այդ խնդիրը, «ե'ւ Ադրբեջանի հետ, ե'ւ Թուրքիայի հետ հարցերը կլուծվեն»: