Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Թատրոն-X» 4-րդ հանրապետական փառատոնը բացվեց «Ցիանակալիում» ներկայացմամբ եւ կփակվի «Միմոմանիա»-ով. ներկայացումների ընտրությունը պատահական չէ:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ փառատոնի նախագահ Արա Խզմալյանը նշեց, որ իրենք միշտ ձգտում են փառատոնն ավարտել որեւէ դրական, լավ էներգիա առաջացնող ներկայացմամբ:
Թե որն է, ըստ Խզմալյանի, լավագույն ներկայացումը, այդպես էլ չիմացանք, քանի որ նա նշեց, թե մասնագետները սովորաբար խոսում են լավագույն դերակատարման, լավագույն դետալի մասին, սակայն ամբողջականության մեջ խոսել լավագույն ներկայացման մասին, որը հիացրել է, շատ բարդ խնդիր է:
Խզմալյանը նշեց, որ բոլորի կողմից խոսվել է Նարինե Գրիգորյանի` իբրեւ կնոջ լավագույն դերակատարի մասին:
Թատերագետ Լեւոն Մութաֆյանի խոսքով` փառատոնը միավորեց թատերական տարբեր ուղղությունները, ինչպես նաեւ` սկսնակներին եւ պրոֆեսիոնալներին:
«Թեեւ մեզանում մշակվել է բանավեճի մասնագիտական մշակույթ, սակայն թատերական քննադատներ ձեւավորելու հարցում թատերական ինստիտուտը լուրջ անելիքներ ունի: Քննադատների մեջ մասնագիտական գիտելիքներ արտահայտելու եւ դրսեւորելու վստահություն ու քաջություն է պետք սերմանել»,- ասաց թատերագետը:
«Ես հիմնականում ուշադրություն եմ դարձնում երաժշտությանը, թե այն, որպես թատերական կոմպոնենտ, ինչպիսի դեր է խաղում ներկայացման մեջ»,- նշեց փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամ Նելլի Ավետիսյանը:
Նա նշեց երկու բացթողումներ` մի կողմից` երաժշտությունն ընտրվում է տարբեր կտորներից, ստեղծվում են խճապատկերներ, որոնք այնքան էլ ճիշտ չեն բացահայտում դրամատուրգիան, մյուս կողմից` քիչ են դիմում հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին:
«Սրանք մասնակի փաստեր են, որոնք կարելի է չնշմարել` նկատի ունենալով նաեւ դրական տպավորությունները կամ նվաճումները: Օրինակ` «Երեք գրոշանոց օպերա» ներկայացումը, որն ինձ շատ դուր եկավ»,- ասաց Ն. Ավետիսյանը:
Նշենք, որ ապրիլի 12-ին մեկնարկում է «Թատրոն-X» 4-րդ հանրապետական փառատոնի մարզային փուլը:
Փառատոնի փակման արարողությունը եւ մի շարք X-երի բացահայտմանը սպասենք ապրիլի 28-ին: