կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-08 12:33
Առանց Կատեգորիա

Գազիֆիկացված Արեւաշատում փայտի կարիք ունեն

Գազիֆիկացված Արեւաշատում փայտի կարիք ունեն

Չնայած Երեւանին մոտ լինելուն` չափազանց դժվար է առանց լրացուցիչ ծախսերի Արմավիրի մարզի Արեւաշատ գյուղ գնալը: Հասնելով Երեւան-Էջմիածնի գլխավոր մայրուղու այն հատվածը, որտեղից ցուցանակը ցույց է տալիս Արեւաշատ գյուղ տանող համայնքային ճանապարհը, ստիպված ենք տաքսի նստել, քանի որ գյուղը տրանսպորտի խնդիր ունի:

Մինչեւ տեղ կհասնեինք, տաքսու վարորդը ցավով ասաց. «Թեեւ Արեւաշատից քաղաք ընդամենը մի քանի կիլոմետր է, գյուղի բնակիչները հնարավորություն չունեն պետք եղած ժամին տնից դուրս գալու: Ուսանողները ստիպված են լինում ամեն օր տաքսիով հասնել մինչեւ մայրուղի` ավելորդ գումար ծախսելով»: Վարորդը նաեւ ավելացրեց, որ Արեւաշատում գործում է միայն Արեւաշատ-Էջմիածին եւ Երեւան-Արեւաշատ ավտոբուսները:

Գյուղ մտնելուն պես հին տների ու փողոցների մեջ նկատվեց շրջապատից տարբերվող մի կառույց. դպրոցն էր, որի վերանորոգման աշխատանքները ավարտին էին մոտենում: Արեւաշատի միակ դպրոցն է, ունի մոտ 200 աշակերտ: «Դպրոցը 3-րդ կարգի վթարային էր, երբ սկսեցին վերանորոգել: Արդեն աշխատանքներն ավարտին են մոտենում: «Պատրաստ է համակարգչային սրահը` համալրված էլեկտրոնային գրքերով, ինչպես նաեւ ռազմագիտության դասարանը»,- ասաց դպրոցի տնօրեն Հասմիկ Առաքելյանը:

2200 բանակչություն ունեցող Արեւաշատի մշակելի հողատարածքները ընդամենը 140 հա են, որոնք ոռոգվում են շնորհիվ խորքային հորերի: Գյուղացիների պնդմամբ` անիմաստ է ամբողջ տարին տանջվել` հուսալով, որ գոնե մի օգուտ կստանան հողից: «Ինչ մշակում ենք, տալիս ենք վերավաճառողներին, նրանք էլ թանկ վերավաճառում են: Մեջտեղում որքան շատ ես տանջվել, այնքան քիչ ես գումար ստանում, ամբողջ տարին տանջվում ենք պարարտանյութին, տեխնիկային, թունաքիմիկատներին հսկայական փող ենք տալիս»,- ասում է գյուղատնտեսությամբ զբաղվող Ջուլիետան եւ հավելում, որ պարարտանյութի թանկացման պատճառով այս տարի շատերը չկարողացան գնել:

Արեւաշատում չկան աշխատատեղեր, որտեղ գյուղացին կարող է գումար վաստակել: Սակայն գյուղացիների խոսքերով՝ գյուղում գործում է պանրի գործարան եւ թռչնաբուծական ֆերմա, որտեղ բնակիչներից ոչ ոք չի աշխատում: «Գյուղացու վիճակը ծանր է` աշխատատեղեր չկան, գործարաններն էլ իրանց ծանոթներին են բերել, դրա համար էլ գյուղի հայրերը ուրիշ երկրներում են: Ամուսինս մեկ տարի է, ինչ երկրում չի: Տանը 5 հոգով ենք եւ հազիվ ենք ապրում: Շատերն էլ գումար չունեն իրենց երեխաներին կրթությամբ ապահովելու համար»,- դժգոհեց բնակչուհիներից մեկը:

18-ամյա Արմանը, ով արդեն պատրաստվում է երկու տարվա իր պարտքը կատարել հայրենիքի պաշտպանության համար, որոշել է ծառայությունից հետո լքել Հայաստանը. «Ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացա ընդունվել, քանի որ չէի կարողանալու վճարել վարձս: Հայրս Ռուսաստանում է աշխատում, բանակից հետո ես էլ կմեկնեմ ու կապրեմ այնտեղ: Բայց եթե այստեղ աշխատանք լիներ, ես կմնայի»: Արմանը գյուղից դուրս գալ ցանկացող միակ երիտասարդը չէ:

Հաշվի առնելով, որ գյուղի խանութպաններն ամենից շատ են առնչվում գյուղացու դրամապանակի հետ, նրանցից մեկին` Ռուզաննային, հարցրինք, թե ինչպես է ընթանում առեւտուրն Արեւաշատում. «Ինչպես տեղի բոլոր խանութներում, այնպես էլ ինձ մոտ առեւտուրը հիմնականում պարտքով է կատարվում, մարդիկ կան, որ վերցնում են ապրանքը եւ հետո չեն կարողանում վճարել»:

Չնայած գյուղը գազիֆիկացվել է դեռեւս 2000 թվականին, սակայն այստեղ շատերը շարունակում են փայտ վառել` երկնագույն վառելիքի բարձր գնի պատճառով: Բազմաթիվ հոգսեր ունեցող Արեւաշատի գյուղապետը կին է` Սուսաննա Գեւորգյանը, ով, իր խոսքերով, հնարավորինս անում է գյուղացու պահանջները բավարարելու համար: «Շաբաթը մեկ անգամ գյուղապետարանի միջոցներով կատարվում է աղբահանությունը: Առաջիկայում պատրաստվում ենք մասնակի նորոգել գյուղի գլխավոր ճանապարհը: 1992թ.-ից մանկապարտեզ չունենք, դիմել ենք մարզպետին, նա էլ խոստացել է, որ առաջիկայում կզբաղվի այդ հարցով: Մեր մեծ խնդիրներից մեկն էլ այն, է, որ մշակույթի շենքում ենք տեղավորել գյուղապետարանը եւ բուժկետը»,- ասաց գյուղապետ Գեւորգյանը:

Գյուղի բազմաթիվ հոգսերից մեկն էլ դարձել են աղանդավորների հաճախակի այցելությունները, որոնք, գյուղացիների խոսքերով, անընդհատ խանգարում են իրենց քարոզներով: Գյուղն ունի 106-ամյա եկեղեցի, որը վերանորոգման կարիք ունի եւ չի գործում: Այսպիսով, արեւաշատցիները ստիպված են աղոթքն առ Աստված հղել տներից` նոր եկեղեցու, աղանդավորներից ու էլի շատ բաներից ազատվելու հույսով:

Սաթենիկ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Արմավիրի մարզ-Երեւան

Լուսանկարը` հեղինակի