Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քոչարյանների ընտանիքն ընդդեմ «Սկիզբ մեդիա կենտրոնի» գործով նախորդ դատական նիստին «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի շահերի պաշտպան, փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդել էր մեղադրող կողմին ներկայացնել ապացույց այն մասին, որ վերոհիշյալ ընկերությունը և «Առաջին լրատվական» ՍՊԸ-ն միմյանց հետ փոխկապակցված են:
Քոչարյանների շահերի պաշտպան Արփինե Մելիքբեկյանն էլ դատարանից ժամանակ էր խնդրել` նշված ընկերությունների փոխկապակցված լինելու վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնելու համար: Այդ նկատառումից ելնելով` դատարանը մոտ մեկ ամիս ժամանակ էր տրամադրել:
Սակայն այսօրվա դատական նիստին մեղադրող կողմը դեռևս չէր ներկայացրել ապացույցները: Ավելին` Քոչարյանների շահերի պաշտպան Ա. Մելիքբեկյանը դատարանին հայտնեց, որ լրացուցիչ ապացույցների ձեռքբերման խնդիր է առաջացել, և որ իրենք մոտ ժամանակներս ակնկալում են ստանալ դրանք: Իրենց դիրքորոշումը հստակեցնելու նպատակով պաշտպանը միջնորդեց մեկ շաբաթ ժամանակ տրամադրել:
Պաշտպանական կողմն էլ, իր հերթին, միջնորդեց երկարաձգել տրամադրվելիք ժամանակը` պատճառաբանելով, որ եթե մեղադրող կողմը լրացուցիչ ապացույցներ ներկայացնի և նոր դիրքորոշում հայտնի, իրենք պետք է դրան արձագանքեն: Ն. Բաղդասարյանը չբացառեց, որ այդ ապացույցները ստուգելուց հետո իրենց կողմից ևս նոր ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտություն կառաջանա:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 8-ին:
Հիշեցնենք, որ 2012 թվականի նոյեմբերի 27-ին և 29-ին «Առաջին լրատվական»-ում հրապարակվել էին «Ինչ կապ ունեն Քոչարյանն ու Ծառուկյանը «Նաիրիտի» հետ» և «Քոչարյանների րոպեավճարները» հոդվածները, որոնցում, ըստ հայցվոր կողմի, տեղ են գտել Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ:
Ըստ հայցապահանջի` Քոչարյանները «Առաջին լրատվական»-ի հիմնադիր «Սկիզբ մեդիա կենտրոն»-ից և «Առաջին լրատվական»-ից պահանջում են հերքել վերոհիշյալ վերտառությամբ հոդվածները, վճարել 5.000.000 դրամ` իրենց իրավունքների ու պաշտպանության համար կատարած ծախսերը հոգալու համար: