կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-02 15:25
Քաղաքական

Սերժ Սարգսյանի հայտարարությունները լուրջ հիմնավորումների կարիք ունեն

Սերժ Սարգսյանի հայտարարությունները լուրջ հիմնավորումների կարիք ունեն

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի կարծիքով` Աստանայում Նազարբաևի հայտարարությունը, որի մասն էր կազմում Ալիևի նամակի ընթերցումը, բացահայտ անարգանք էր իր գործընկերոջ` Սերժ Սարգսյանի նկատմամբ:

 

Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Ղազախստանի նախագահը միշտ էլ տարբեր ձևաչափերով հանդիպումներում ընդգծված հանդես է եկել Ադրբեջանի շահերի պաշտպանությամբ: Եվ դիվանագիտական էթիկետը պահանջում էր, որ հենց այդ պահին Սերժ Սարգսյանը պատասխաներ Նազարբաևին` ասելով, որ Ադրբեջանը գործ չունի այդ ձևաչափի հետ:

 

Իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարություններին, Ռուբեն Հակոբյանը նշեց, որ այդտեղ անհասկանալի պահերը առկա են, և տպավորություն է ստեղծվում, որ իշխանության ներկայացուցիչները մի նեղ պատուհանից են նայում աշխարհին, և նրանց թվում է, որ իրենց ձևակերպումներն են աշխարհի համար միակ ճիշտ ձևակերպումները, բայց դա այդպես չէ:

 

«Ես չեմ զարմանա, որ կարճ ժամանակ հետո, երբ ձևավորվի Եվրասիական տնտեսական միությունը, Ղազախստանը հենց հարց դնի, որ պետք է մաքսային անցակետ դրվի Հայաստանի և Արցախի միջև: Ահագին լուրջ հարցեր պարզաբանման կարիք ունեն, և Հայաստանը քայլ անելիս պետք է կարողանա իր պայմանները թելադրել ու տեսնել, թե որքանով են հաշվի նստում այդ պայմանների հետ, որովհետև թե' Բելառուսը, թե' Ղազախստանը ունեն իրենց պայմանները, իսկ Հայաստանն էլ պետք է պայման դնի ու առաջին պլան մղի Արցախի հետ տնտեսական կյանքի կազմակերպման հարցերը, որից հետո նոր միայն քայլ անի, որովհետև ես տեսնում եմ, որ Ղազախստանը շատ վճռական է տրամադրված Ադրբեջանի շահերն առաջ տանելու գործում»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

 

Հարցին` հնարավո՞ր է համարում այն հեռանկարը, որ հետագայում Արցախը դիմի Մաքսային միությանը անդամակցելու հարցով, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ դա դեռ տեսական ենթադրություն է , որովհետև այսօր դժվար է ասել, թե Հայաստանը ինչ կարգավիճակով է մտնելու Եվրասիական տնտեսական միություն, և արդյո՞ք այդ միությունը չի խոչընդոտելու Հայաստան- Արցախ համագործակցությանը:

 

Հարցին` արդյո՞ք Սերժ Սարգսյանի հայտարարությունները հակասական չեն, երբ նա ասում է, որ Մաքսային միությունը նպաստելու է Արցախի խնդրի կարգավորմանը, այն դեպքում, երբ այդ կարգավորմամբ զբաղվում է Մինսկի խումբը, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ, իսկապես, Սերժ Սարգսյանի հայտարարությունները լուրջ հիմնավորումների կարիք ունեն, որովհետև` այո, կան հակասություններ: «Ընդհանուր առումով` կարող ենք ասել, որ վերջին տարիներին մեր արտաքին քաղաքականությունը ձախողվել է, և վերջին իրադարձությունները փաստում են դա»,- ասաց պատգամավորը: