Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ երկրային ժամանակից հեռանում է երեւելի ժամանակակիցդ եւ սկիզբ է առնում նրա կյանքի վերաիմաստավորման շրջանը, հետադարձ հայացքի լուսարձակը բացահայտում է հընթացս աննկատ մնացածը եւ կամ չկարեւորվածը, առանց որոնց, սակայն, չի ձեւավորվում եւ ոչ մի ամբողջական կերպար։ Կողքիդ ապրողը ամբողջական կերպար չունի. կյանքը շարժում է, իսկ շարժման մեջ գրեթե անհնարին է որսալ ամբողջականության նույնիսկ ուրվագիծը։ Սա այսպես է, սակայն Գալյա Նովենցի դեպքում վերաիմաստավորման ֆենոմենը թող մեզ չշփոթեցնի. մեզնից շատերը չէ՛ որ հենց սկզբից, «Բարեւ, ես եմ» կինոնկարից զգացինք, որ հայ բեմ եւ հայ կինո է եկել մեկը, ով իր ինքնատիպ տաղանդով պիտի հուսախաբ չաներ մեզ, պիտի իրագործեր մեր կանխատեսումներն ու սպասելիքները՝ գեղարվեստականից բացի մեզ պարգեւելով մեծագույն այն հաճույքը, որ ապրում են մանր ու խոշոր բոլոր մարգարեները։ Այդ զգացողությունը դույզն ինչ չփոխվեց, երբ «Մենք ենք, մեր սարերը» հովվերգության մեջ Գալյա Նովենցը կրկին փոքրիկ, աննշան մի դերակատարումով երեւաց։ Եւ էլի մի քանի ժապավեններում նա հարկադրված էր լուսատտիկային իր առկայծումը ցուցադրել սահմանափակ տարածության եւ էլ ավելի սահմանափակ ժամանակի մեջ։
Կարող էր տպավորություն ստեղծվել, թե երկրորդական, երրորդական դերերի համար բեմադրիչները, ահա, մշտական ներկայացուցիչ էին հայտնաբերել եւ որ կինոնկարից- կինոնկար նրա փոխանցումը լինելու է անվերջ։ Կարող էր նաեւ թվալ, թե սյուժեին ոչինչ չավելացնող նովենցյան կարճատեւ այդ դրվագ-պատկերները կարելի էր հարկ եղած դեպքում մոնտաժի մկրատի տակ գցել, էկրան չհանել, բայց կինոն, բարեբախտաբար, կինո է ոչ միայն սյուժետային իր գծերով. աշխատեր մկրատը՝ կնոսրանար կինոնկարի օդը, կխաթարվեր բնականությունը, կկորչեր հավաստիությունը։ Այս վտանգը ամենքից սուր զգացել էին մոնտաժի սեղանի մոտ նստած բեմադրիչները։ Նրանք հասկացել էին, որ Գալյա Նովենցը ժապավենի վրա ավելին է, քան իրեն հատկացված դերը։
Ինձ բախտ է վիճակվել Գալյա Նովենցին տեսնել իմ երեք սցենարներով նկարահանված ֆիլմերում ՝«Հնձան», «Խնձորի այգին», «Կարոտ»։ Ես չեմ կարող պնդել, թե նա որեւէ չափով հեռացել է գրական տեքստից, սցենարական կերպարից, սցենարի լեզվից, բայց, պարզապես, ակնհայտ է, որ նրա ստեղծած կերպարներն ավելին են, քան սցենարներում պատկերվածը։ Եւ այս «ավելին»-ը չի դիպչում հեղինակային իմ ինքնասիրությանը, ընդհակառակը՝ շատ հաճախ հաճելիորեն խաբում է ինձ, թե ես եմ, ահա, այդպես մտահղացել։
Գեղեցկության, հատկապես կանացի գեղեցկության դրսեւորումները բազմազան են ու անսահման։ Ոչ մի իմաստասեր դեռեւս ճշգրիտ չի ձեւակերպել գեղեցկության, հատկապես կանացի գեղեցկության բանաձեւը։ Գեղեցկության ամեն մի նոր դրսեւորում որքան էլ սկզբում անընդունելի լինի, նույնիսկ՝ արտառոց, ժամանակի ընթացքում դառնում է ընկալելի, նույնիսկ՝ տիրապետող եւ չի կորցնում այլեւս իր փայլը, հմայքը, երբ նորանոր դրսեւորումներ են ի հայտ գալիս։ Կինոնկարից- կինոնկար Գալյա Նովենցի գեղեցկությունը դարձավ տիրապետող։ Նա գեղեցկացրեց, մանավանդ կենդանացրեց սակավակին հայոց կինոն։ Նա պատառոտեց անհարկի ամոթխածության եւ կեղծ ավանդապաշտության քրջերը, բացահայտեց հայ կնոջ բնական այն կերպարը, որ մեզ ծանոթ է մեր ընտանիքներից. նա թե խանդել գիտե, թե սիրել, թե պայքարել, կռվել, լեզվին տալ, նա հավասարը հավասարի պես մենամարտել գիտե տղամարդու հետ։ Կնոջ եւ տղամարդու հավասարությու՛ն եք ուզում, խնդրեմ, կրկին դիտեք Գալյա Նովենցի եւ Մհեր Մկրտչյանի վազքըԳյումրվա փողոցներում։ Այս վազք-մենամարտը ոչ հաղթող ունի եւ ոչ էլ ավարտ։ Դադար՝ թերեւս, հոգնություն, թուլություն, թերեւս, բայց վերջնական հաղթող չկա, մենամարտի ավարտ չկա։ Որովհետեւ՝ հավերժական է Սերը, իսկ հավերժական սեր ցուցադրելը միայն մեծ արվեստագետին տրված շնորհ է։
«Մեծ» ածականը, ցավոք, մենք հաճախ ենք շռայլում առօրեական խոսակցություններում, բայց զլանում կամ երկնչում ենք կիրառել իրոք մեծին գնահատելիս։ Եւ, ակամա, արժեզրկում ենք թե բառը, եւ թե երեւույթը։
Մեծությունը մի բան է, որի գոյությունը չեն ապացուցում։ Մեծությունը բացահայտում են։ Եւ անվերջ։ Որովհետեւ մեծությոնը անհատակ է, անընդգրկելի ու նաեւ՝ անկրկնելի։ Գալյա Նովենցի մեծությունը բացահայտման կարիք ունի։ Արդեն ոչ թե իր, այլ՝ մեզ համար։
Ռուբեն Հովսեփյան
Գրող, թարգմանիչ, սցենարիստ