կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-12 02:40
Քաղաքական

ՀԱԿ-ը ծուղակից դուրս է գալիս

ՀԱԿ-ը ծուղակից դուրս է գալիս

ՀԱԿ-ն իջեցրեց իր պահանջների նշաձողը, քանի որ հայտնվել էր ծուղակում: Քաղաքական այս ուժը երեք տարի շարունակ խոսում էր նախագահական արտահերթ ընտրությունների մասին եւ բոլոր այն ուժերին, ովքեր ավելի ցածր նշաձող էին ընտրում, անվանում էր կեղծ ընդդիմություն: Սակայն այժմ հենց ՀԱԿ-ն է իր պահանջներից հետ քաշվում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ասաց, որ ներկայումս ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը համագործակցում են` առաջ տանելով իրենց շահերը, թեեւ ՀԱԿ-ը փորձում է տպավորություն թողնել, թե իշխանություններն իր ճնշման տակ են որոշակի քայլեր կատարում, զիջումներ անում. «Զիջումներ չկան, կա փոխադարձ շահ»:

Այժմ ՀԱԿ-ը խոսում է միայն խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին, քանի որ հազիվ թե Սերժ Սարգսյանը այնպիսի զիջումների գնա, որ նախագահական ընտրություններն էլ արտահերթ անցկացվեն:  

Հարցին, թե ո՞րն է ՀԱԿ-ի շահը, Ռ. Հակոբյանը պատասխանեց, որ ՀԱԿ-ը փորձում է ծուղակից դուրս գալ. այն երեք տարի շարունակ մարդկանց մի զանգվածի հեղափոխական ագրեսիվ սնունդ է տվել, սակայն հասկացել է, որ իր համակիրների թիվը բավարար չէ թավշյա, անարյուն հեղափոխություն անելու համար եւ, եթե կտրուկ քայլի դիմի, ապա երկրորդ Մարտի 1-ը տեղի կունենա:

Այս դեպքում Ռուբեն Հակոբյանը գնահատում է Լեւոն Տեր-Պետրոսյանի պրագմատիզմը` ծուղակից դուրս գալու այդ ելքից հրաժարվելու համար: Ծուղակից դուրս գալու մյուս ելքը, ըստ բանախոսի, իշխանությունների հետ համագործակցել էր, որին եւ դիմել են:

Իսկ հարցին, թե հավանական համարո՞ւմ է, որ նախագահական ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունը կառաջադրի, պատասխանեց. «Ես չգիտեմ` կառաջադրվի, թե` ոչ,  բայց կարծում եմ, որ Ժիրայր Սեֆիլյանը ճիշտ ձեւակերպում տվեց`  ինչքան շուտ հրաժարվեն «Լեւոն նախագահ» կարգախոսից, այնքան ավելի առողջ զարգացումներ կլինեն»: