Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում տարածվել է Արցախի Հանրապետության հայտարարությունը դրանից երեք օր առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ի արած այն պնդումների կապակցությամբ, թե ապրիլի 2-5-ի ռազմական գործողությունների ժամանակ հայկական կողմը արգելված զինատեսակներ, մասնավորապես` սպիտակ ֆոսֆորով ականներ է օգտագործել։ Արցախի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ 1990-ականների պատերազմի ընթացքում Ադրբեջանը նմանատիպ անհիմն և աբսուրդային հայտարարություններ է արել, որոնք հերքվել են ՄԱԿ-ի կողմից հատուկ այդ նպատակով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում։ Հայտարարության մեջ նշված է նաև, որ Ստեփանակերտը պատրաստ է հատուկ մոնիտորինգային հանձնախումբ ընդունել, «որը տեղում կհետազոտի բոլոր փաստերը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ապրիլին սանձազերծված ագրեսիայի, դրա ընթացքում միջազգային հումանիտար իրավունքի նորմերը նրա կողմից խախտելու հանգամանքները»։
Ուշագրավ է, որ ՄԱԿ-ի երկու հիմնական կառույցներում՝ ԳԱ-ում և ԱԽ-ում, տարածվում է միջազգայնորեն չճանաչված պետական միավորման՝ Արցախի հայտարարությունը։ Հայաստանն այս անգամ, փաստորեն, երկրորդային դերակատարում է ունեցել՝ հանդես գալով միայն որպես հայտարարությունը տարածող։ Սա ուշագրավ է երկու պատճառով։
Նախ՝ այն վկայում է, որ ապրիլյան ռազմական գործողություններից հետո հայկական կողմը էականորեն փոխել է ԼՂ հարցում իր դիվանագիտական մարտավարությունը և առաջին պլանով, անկախ Ադրբեջանի ցանկություններից, դժգոհություններից, առաջնային գործելու հնարավորություն է տրվում պաշտոնական Ստեփանակերտին։ Դրանով, թերևս, փորձ է արվում միջազգային հանրությանն ադապտացնել միջազգային ասպարեզում ԼՂՀ-ի աստիճանաբար ակտիվացմանը, ԼՂ հակամարտության համատեքստում նրան օբյեկտից կրկին վերածել սուբյեկտի, այսինքն` վերադարձնել նրա իրական կարգավիճակին։
ԼՂ-ն, փաստորեն, ինքն է առաջարկում միջազգային մակարդակով մոնիտորինգի ենթարկել Ադրբեջանի հնչեցրած մեղադրանքների հանգամանքները։ Սա ռեալ նախաձեռնողական քաղաքականություն է։ Դրանով Արցախը ոչ միայն հավասարի իրավունքով պատասխանում է Բաքվի մեղադրանքներին, այլև նրան դնում չափազանց անհարմար դրության մեջ։ Եթե Ադրբեջանը համաձայնում է այդ մոնիտորինգի անցկացմանը, ապա ստացվում է, որ ընդունում է ԼՂՀ-ի` որպես սուբյեկտի, գոյության փաստը և նրա հետ նույն զուգահեռականի վրա մտնում անուղղակի հարաբերության մեջ։ Եթե չի ընդունում, ապա մի կողմից ապացուցում է իր հայտարարությունների, մեղադրանքների սնանկությունն ու անլրջությունը, իսկ մյուս կողմից` անուղղակի հաստատում իր զինուժի կողմից ռազմական հանցագործությունների կատարման իրողությունը, քանի որ մոնիտորինգ անցկացնելու` ԼՂՀ-ի առաջարկը վերաբերում էր նաև նման հանցագործությունների փաստերի ուսումնասիրությանը։
Երկրորդ՝ ուշադրություն դարձնենք, որ հայկական կողմից սպիտակ ֆոսֆորի օգտագործման, միջուկային զենք ունենալու պնդումները, որքան էլ դրանք անլուրջ էին ընկալվում Հայաստանում, Ադրբեջանը սկսել է տիրաժավորել ամենաբարձր մակարդակով։ Բացի ՄԱԿ-ում այդ կապակցությամբ հայտարարության տարածումից, երկու օր առաջ Ստամբուլում կայացած` ՄԱԿ-ի մարդասիրական գագաթաժողովում դրանց մասին խոսել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ կոչ անելով դրա համար պատժամիջոցներ սահմանել Հայաստանի նկատմամբ։ Սա հասկանալի դարձրեց, որ տիրաժավորման այս քայլերը միտված են միջազգայնացնելու խնդիրը, որի իրական նպատակը ոչ թե Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը հասնելն է, ինչն անհնար է փաստերի բացակայության պայմաններում, այլ ադրբեջանական բանակի կողմից ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ իրականացված գազանությունների խնդրից միջազգային հանրության ուշադրությունը շեղելը։ Բաքվին անհանգստացնում են ռազմական հանցագործությունների խնդիրը միջազգային դատարանում, կազմակերպություններում առաջ քաշելու և դրանց հիման վրա Բաքվին պատասխանատվության ենթարկելու` հայկական կողմի նախապատրաստությունները։ Եվ նման մեթոդներով նա փորձում է հակակշռել այդ գործընթացին և արժեզրկել այն։ Այսինքն` խնդիր է դրված, առաջ ընկնելով, ցույց տալ, որ հայկական կողմը նույն կերպ և գուցե ավելի վտանգավոր եղանակներով է խախտել միջազգային հումանիտար իրավունքը և ռազմական հանցագործություններ իրականացրել։
Պետք է փաստել, որ այս հարցում Ադրբեջանը կրկին շատ ավելի նախաձեռնողական գտնվեց։ Հայկական կողմը հերթական անգամ հանդես է գալիս հետապնդողի դերում։ Անկախ նրանից, որ ՄԱԿ-ում Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանն արձագանքել է Ստեփանակերտը, այլ ոչ թե Երևանը, դա եղել է արձագանք։ Դեռ մեկ ամիս առաջ էր հայտարարվում ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանի պատասխանատվության հարցը բարձրացնելու նպատակով փաստերի հավաքման մասին։ Թե' քաղաքական, թե' իրավական հարթություններում առայժմ էական գործողություններ չեն իրականացվել։ Մինչդեռ սա, հումանիտարից բացի, ունի նաև քաղաքական լուրջ նշանակություն՝ ԼՂՀ-ի անկախության ճանաչումը որպես արցախցիների ֆիզիկական գոյությունը երաշխավորելու միակ օպտիմալ լուծման իրավական և քաղաքական հիմքերն ապահովելու առումով։ Այս տեսանկյունից, որքան էլ Ստեփանակերտի նախաձեռնությունը ճիշտ էր, Բաքվի կողմից տարվող նոր գիծը հուշում է, որ պետք է շտապել։ Բաքուն չպետք է այս անգամ ևս դուրս պրծնի ծուղակից։
Գևորգ Դարբինյան