կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-01 03:33
Հասարակություն

Դինքի սպանության իրական մեղավորը

Դինքի սպանության իրական մեղավորը

Հրանտ Դինքի սպանության գործը հետաքննող` Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 14-րդ դատարանի հերթական որոշումը զարմացրել է անգամ թուրքական մամուլին։

Դինքի սպանության գործով հերթական դատավարության ժամանակ նրա ընտանիքի շահերը պաշտպանող փաստաբան, հայտնի գրող Ֆեթհիե Չեթինը դատարանին հիշեցրել է Տրապիզոնի փոխոստիկանապետի՝ Անկարայի ծանր հանցագործությունների գծով 12-րդ դատարանում մարտի 24-ի տված ցուցմունքը, ըստ որի` Դինքին սպանող Օգյուն Սամասթի հայրը սպանությունից հետո գնացել էր ոստիկանատուն, ներկայացել եւ արժեքավոր տեղեկություններ հաղորդել։

«Փոխոստիկանապետը ցուցմունքում նշել է, որ իրենք Սամասթի հորից հետաքրքրվել էին, թե որտե՞ղ կարող են գտնել որդուն: Ի պատասխան, հայրը նշել էր, թե որդին մինչ Դինքին սպանելը հաճախակի էր հանդիպում Տրապիզոնի ժանդարմերիայի հրամանատարներից մեկի հետ»,- հիշեցրել է Չեթինը եւ պահանջել դատարանից հարցաքննել Սամասթի հորը՝ պարզելու ապագա մարդասպանի հետ պարբերաբար հանդիպող հրամանատարի ինքնությունը:

Սակայն դատարանն անսպասելիորեն մերժել է այդ առաջարկը եւ որոշում կայացրել, որ ժանդարմերիայի հրամանատարի հայտնի դառնալը չի օգնի սպանության իրական մեղավորների բացահայտման գործին։

Թուրքական դատարանի վերոհիշյալ որոշումը մեկնաբանվում է որպես Դինքի սպանության իրական կազմակերպիչներին թաքցնելու փորձ: