Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կառավարությունը հռչակել է գերակա ճյուղ, բայց ընկերությունները սեփական ուժերով են փորձում ներքին շուկայում ստեղծել արտադրանքի պահանջարկը։ Կառավարության գործունեությունը ըստ էության սահմանափակվում է ՏՏ ոլորտի խթանման ծառայությունների ամենամյա ծրագրեր հաստատելով և միջոցառումների իրականացման համար տարեկան‘ 80 մլն դոլարի բյուջետային միջոցներ հատկացնելով։
Կառավարությունն արդեն մի քանի տարի է, ինչ իր ծրագրերում կարևորում է տնտեսության այլ բնագավառներում ՏՏ արտադրանքի և ծառայությունների կիրառումն ու երկրում տեղեկատվական հասարակության ձևավորման անհրաժեշտությունը։ Այս ամենին, ըստ կառավարության պատկերացման, հնարավոր է հասնել սեմինարներ և ցուցահանդեսներ կազմակերպելու միջոցով։
Համենայն դեպս, 2010թ. ծրագրում միջոցառումների ցանկում գերակայում են զանազան սեմինարներ և ցուցահանդեսներ։ Այնինչ ներքին շուկայում ՏՏ լուծումների ներդրումը հնարավոր է ապահովել օրենսդրական և վարչական լծակներով։ Իրականում հայկական բիզնեսի գերակշիռ մասը, ինչպես նաև պետական ընկերություններն այնքան էլ հակված չեն կիրառել ՏՏ լուծումները, քանի որ դրանք լրացուցիչ ֆինանսական ծախսեր են ենթադրում և հաճախ հնարավորություն չեն տալիս գործել ստվերում։
Օրինակ` National Instruments-ի հայ մասնագետները Մոսկվայի մետրոյի համար պատրաստել են ռելեների թեստավորման համակարգ և հետագայում նույն համակարգն առաջարկել են Երևանի մետրոպոլիտենին, հայ չինովնիկներն այն չեն վերցնել՝ ասելով. «Դա մի Mercedes արժե»։
Հայաստանի ՏՏ ընկերություններին չի «վստահում» ոչ միայն բիզնեսը, այլև կառավարությունը։ Օրինակ` անցած տարի պետական համակարգում ներդրվեց էլեկտրոնային կառավարման Mulberry կոչվող համակարգը, որը նախագծել է ոչ թե հայկական ընկերություն, այլ բրիտանական AI Partnership ընկերությունը։ Այս ծրագրային ապահովման, սարքավորումների ձեռքբերման, շուրջ 4 հազ. աշխատակիցների վերապատրաստման համար, ընդհանուր առմամբ, Համաշխարհային բանկի միջոցներից ծախսվել է 700 հազ. դոլար։ Թե ինչու է կառավարությունը գումարների հատկացման նախապատվությունը տվել բրիտանական ընկերությանը, ՏՏ ոլորտի հայ մասնագետներն այդպես էլ չգիտեն։ Նրանք նշում են միայն, որ այդպիսի համակարգը իրենք կառաջարկեին ավելի ցածր գնով։
Երեկ էլ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) նորից հերթական մի ծրագիր է սկսել, որը կոչվում է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ բիզնեսի համար»։ Ըստ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանի՝ այս ծրագիրը մի կողմից հայաստանյան բիզնեսին կօգնի ծանոթանալ տեղի ՏՏ ընկերությունների հնարավորություններին, մյուս կողմից` այդ ընկերություններին կօգնի հասկանալ հայաստանյան տնտեսության տարբեր ոլորտների կարիքները:
Ծրագիրը մեկնարկել է ՏՏ և ֆինանսական հատվածի ներկայացուցիչների հանդիպմամբ։ Վարդանյանն ասել է, որ բարձր տեխնոլոգիական ընկերություններն ամեն ամիս իրենց լուծումները ներկայացնելու են բանկային, ապահովագրական, դեղագործական, շինարարական, սննդի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջային և տնտեսության այլ հատվածների ներկայացուցիչներին:
Վարդանյանը նշել է, որ տեղի ՏՏ ընկերությունների հետ համագործակցության առավելությունը, բացի ծառայությունների մատչելիությունից, այն է, որ նրանց սպասարկման կենտրոնները շատ մոտ են բանկերին և կարող են օպերատիվ արձագանքել բոլոր հարցումներին:
Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն ասել է, որ չնայած երկրի բանկերի մեծ մասում առկա է տեղական ծրագրային ապահովում, այնուամենայնիվ որոշ դեպքերում բանկերն օգտագործում են արտասահմանյան գործընկերների չափանիշներին համապատասխանող օտարերկրյա մատակարարների ապրանքատեսակները: Այդ համատեքստում Սարգսյանն ընդգծել է որակի և անվտանգության միջազգային չափանիշներին հայաստանյան ծրագրային ապահովման համապատասխանության անհրաժեշտությունը:
Ուշագրավ է այն փաստը, որ բանկերը հայկական ընկերությունների ծառայություններից չօգտվելու հիմնավորում նշում են ծրագրային ապահովումների անհամապատասխանությունը միջազգային չափանիշներին։ Հայաստանում գործող 200 ընկերություններից շուրջ 40%-ը օտարերկրյա կապիտալով ընկերություններ են։ Հայաստանի ՏՏ ոլորտի ընկերությունների 55%-ի արտադրանքն ու ծառայություններն ունեն արտահանման ուղղվածություն՝ ավելի քան 20 երկիր, և նման պայմաններում միջազգային չափանիշների համապատասխանության հարցի բարձրացումն այնքան էլ կոռեկտ չէ։