կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-24 04:48
Տնտեսական

Ավան-տուրիստը

Ավան-տուրիստը

Արագածոտնի բարձրլեռնային Ավան համայնքը նույնպես արժանացավ պատմության մեջ մնալու բախտին: Համայնքի ավագանին արդեն որոշում ունի գյուղի մուտքին տեղադրել մի շքեղ ցուցանակ` հետևյալ մակագրությամբ. «2011թ. մարտի 22-ին մեր հայրենի գյուղ այցելել եւ մեզ կով կթել է սովորեցրել անձամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը»:

Ասենք, որ այդ հիշարժան օրը վարչապետը հանդես է եկել նաև դասախոսությամբ եւ մասնավորապես ասել հետևյալը. «Հարգելի՛գյուղացիներ, օրինակ դուք գիտե՞ք, որ կով կթելուց առաջ պետք է ձեռքերը լվանալ, դույլի վրա մառլյա գցել, կովի պտուկը տաք ջրով լվանալ, փափուկ սրբիչով չորացնել։ Սրանք տարրական կանոններ են»:

 

Որոշմանը դեմ է եղել բացօթյա կթով զբաղվող կանանց խավը, բայց նրանց, ինչպեսեւ սպասվում էր, գյուղի ոստիկանապետը ծեծուջարդով հեռացրել է գյուղապետարանին հարող տարածքից եւ սիրով թույլատրել է հավաքվել ազատության արձանի մոտ` գյուղամիջում:

Վարչապետ Սարգսյանի տուրիզմը սրանով չի ավարտվել: Խոշոր եղջերավորներից նա նույն այցի շրջանակում շատ արագ ու էֆեկտիվ անցում է կատարել դեպի մանր կճղակավորների դասը: Ցույց տալով հեռավոր լեռները` վարչապետը հովիվներին խորհուրդ է տվել ոչխարն այնտեղ արածացնել: Իսկ երբ տարակուսած հովիվները նրան հուշել են, որ դրանք հարևան Շիրակի լեռներն են, վարչապետն առանց շփոթվելու շարունակել է. «Այո, չմոռանամ ասել նաև, որ Շիրակի մարզից էլ Արագածոտնի լեռներն են երևում: Ձեր մարզերի շփման գծում մենք կառուցելու ենք ժամանակակից մաքսային անցակետեր: Մի մարզից մյուսն անցնելու ժամանակ ոչխարներն ու հովիվները ենթակա են մաքսազերծման: Հովիվները դեռ ոչինչ, բայց չտեսնեմ, որ ձեր մարզում Շիրակի պետհամարանիշներով ոչխարներ հայտնվեն»:

Ավան տուրիստ եկած վարչապետի այս խոսքերից գյուղացիները, ճիշտ է, մի քիչ նեղվել են, բայց, այնուամենայնիվ, որոշել են ցուցանակը տեղադրել: Բացումը, ասել են նրանք, տեղի կունենա վարչապետի համար ավելի հարմար մի պահի, երբ այլևս կառավարության գործերով շատ ծանրաբեռնված չի լինի:

Տղե'րք, խորհուրդս ձեզ. չնայած Սերժ Սարգսյանն է ասել, բայց մեղք եք, գյուղ մի' գնացեք եւ գյուղացուն էլ բան մի սովորեցրեք: Նա իր գործը լավ գիտի: Կարո՞ղ եք օգնել` փողով, ջրով, սերմացուով, տրակտորով, վառելիքով, օգնե'ք: Գյուղն ու գյուղացին վարձահատույց կլինեն մի քանի անգամ ավելի, քան պետք է: Թե չէ… Կվիրավորվի, բա ինչ կանի, երբ մանիկյուր արած մատներով նրան սովորեցնեք կով կթել կամ մուկ բռնել:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Կոլաժը` 7or.am-ի