կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-02 10:37
Առանց Կատեգորիա

Ավելի լավ Ավան

Ավելի լավ Ավան

Չէ, դուք պիտի գաք Ավան ու տեսնեք, թե ինչպես է Հանրապետականը պատրաստվում Երևանի ավագանու ընտրություններին: Ես կաշխատեմ ընդհանուր գծերով պատկերել իրավիճակը, բայց այն ինչ տեսել եմ իմ աչքերով, խոստովանեմ՝ ո'չ ասելու, ո'չ պատմելու է: Պիտի տեսնեք:

 

Ավանի մի հատվածում (գյուղի տարածք) եզդիների փոքրիկ համայնք է ապրում: Սա միակ վայրն է Երևանում, որտեղից կարելի է ոչխարի մայուն լսել: Մրոն՝ մեր եզդի ախպերը, իր տնից մինչև փարախ, որ այգու ծայրին է, հիմա արդեն ասֆալտած կածանով է քայլում: ՀՀԿ-ն է արել: Մրոենք տասնհինգ շունչ են՝ ընտրող: Մրոյի տան դիմաց մի ուրիշ եզդու տուն է՝ վրան վահանակ փակցված՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակ»: Ավելորդ է ասելը, որ Տարոն Մարգարյանը մեր եզդի ախպերների բազմաթիվ պաշտամունքներից մեկն է այստեղ: Եվ ինչո՞ւ միայն եզդի: Այստեղ նաև խառը հայ բնակչություն կա՝ բավականին բազմամարդ ընտանիքներով: Ավանում որոշ ավանդույթներ (հայկական) դեռ պահպանվել են: Հայրն իր տանը կից մի ուրիշ տուն է կառուցել առաջնեկ որդու համար, հետո՝ երկրորդը, երրորդը և այգին տներով լցվել է, բոլորը նույն հասցեի տակ կամ ա, բ, գ… բաժանումներով: Ամեն սեփական բակում համարյա մի «պադյեզդ» ժողովուրդ է ապրում: Տարոն Մարգարյանի անունից սրանց բակն ու դուռն էլ են ասֆալտել, շուրջբոլորը՝ ՀՀԿ գրասենյակներ բացել: Երևի մինչև քարոզարշավի սկիզբը անհարմար են զգացել «ՇՏԱԲ» գրել վրան: Դե՝ օրենքն է արգելում: Բայց խեղճ օրենքն ի՞նչ անի, երբ ՀՀԿ-ն է պատրաստվում ընտրության: Շողեր տատին երկու պարկ կոմբիկորմ են տվել: Հավերի համար, հասկանալի է: Ո՞ր օրենքով է սա արգելված: Իմ հարևան Շմավոնին էլ վաղը, ընտանիքի անդամների անձնագրերով, հրավիրել են Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակը, հասկանում ես, որ տեսնեն ոնց են օգնելու նրան: Շմավոնս, ուրեմն, երկու օր առաջ մտել է գրասենյակ, թե ինձ ձրի դեղ է հասնում, օգնեք ստանամ: Գրասենյակի «կառավարիչը», Շմավոնի ասելով մի ազիզ տղա, ասել է՝ հոպա'ր ջան, հարց չկա, դու էգուց չէ էլ օր տնեցոնց պասպորտներով արի, տեսնենք ով ունես ով չունես, ըստ այդմ` կորոշենք, թե որտեղից դեղդ ստանաս: Հա, վերջում էլ ավելացրել էր՝ չլուծվող հարց չկա, հոպա'ր ջան:

 

Ավանի ՀՀԿ-ական ակտիվը մի ուրիշ բան է: Դա Տարոն Մարգարյանի ամբողջ բարեկամությունն է՝ մինչև աներձագ և մի բան էլ՝ այն կողմ: Թաղապետարանը, կամ ինչպես հիմա են ասում՝ Ավան վարչական տարածքի ղեկավարի նստավայրը, որ թափ տաս՝ մի օտար մարդ չի ընկնի: Ու հիմա սրանց մեծ մասը բազմած է Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում և անշեղորեն իրականացնում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերցրած բարեփոխումների կուրսը: ՀՀ քաղաքացու հետ այս գրասենյակներում «Դուք»-ով են խոսում, ինչքան կարողանում են, և «չէ» բառն էլ չկա: Փորձի համար մտիր ու դարդդ պատմիր: Ընենց հարեհաս տղերք են, որ էլ սուս: Մի քանի օր առաջ մեր կողքի «պադյեզդի» Վռամը առանց զնաչոկի մտել է ՀՀԿ գրասենյակն ու զնաչոկով դուրս եկել: Այլևս հետը խոսել չի լինում: Հնամաշ պիջակը փայլուն զնաչոկի հետ մի քիչ չի խոսում, բայց դա ի՞նչ հարց է: Վռամը հիմա «բեսեդկի» կողքով թեք-թեք է անցնում, որ կրծքի ձախ հատվածը լավ երևա, ու պարապ նարդի գցողներ (մեզ մոտ սեզոնը բացվել է) նկատեն իր առաջխաղացքը, այն է՝ հանրապետական դառնալը: Իր վերևի հարկի Շալիկոյին չգիտեմ` ինչ էր ասել, ու իրար քաշքշել էին: Շալիկոն ՀԱԿ-ից է ախր, իսկ նրա տան ջրի խողովակները միշտ կաթում են: Երևի էլի ջրի «բազար» է եղել, ու Վռամը փորձել է իր նոր զնաչոկով Շալիկոյին տեղը դնել: Իսկ Շալիկոն, ինչպես ասացինք, ՀԱԿ-ից է…

 

Ամենակարևորը չմոռանամ: Ավանի ՀՀԿ-ական վարչակազմը նաև անշահախնդիր գործեր է ձեռնարկում բնակիչներիս համար: Ներկում են բազմաբնակարան շենքերի մուտքերի դռներն ու պատերը՝ մինչև առաջին հարկ: Մի անհարմարություն կա միայն՝ այդ ամենը արվում է Տարոնի անունով, ինչից պարտականության զգացում է ծնվում մեջներս: Խեղճը մեր ձեռքը կրակն է ընկել՝ ինչ աշխատում-չի աշխատում, բերում այսպես մեզ վրա է ծախսում: Լավ, ինչքա՞ն կարելի է: Լավության տակից մի օր էլ դուրս գալ է պետք, չէ՞:

 

Մի խոսքով՝ Ավանը օրինակելի թաղամաս է: Բոլորն իրար բռնած, իրար թասիբի կանգնող, իրար հասնող: Նախագահական ընտրություններում, թե ինչ էր եղել, ձայներն ուրիշ կողմ էին փախել, բայց դա, երևի, կփորձեն շտկել, որ այլևս նման անհամություններ չլինեն: ՀՀԿ գրասենյակներում մի փոքր սպասողական վիճակ կա՝ ինչքա՞ն խփեն: Շատ խփե՞ն, նախագահը կասի՝ սիրուն չի, քիչ խփե՞ն՝ Տարոնը խնդիրներ կունենա: Ասում են՝ հրահանգը կենտրոնից կգա ապրիլի 7-ին: Իսկ մինչ այդ տղերքը ասֆալտի գործն ու կազմակերպչական ֆրոնտի աշխատանքներն են առաջ տանում:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ