|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երեկ Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանն անդրադարձել էր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին եւ ասել, թե նա այդպիսով հաճելին համատեղում է օգտակարի հետ:
Նրա այդ արտահայտության վերաբերյալ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Ի գիտություն նմանների` ուզում եմ ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել նաեւ Հայաստանի բոլոր սովածների համար` բոլոր կուշտերի անունից: Հաշվի առնելով, որ նրանց ստամոքսն ուղղակի անասելի մեծ կախվածություն ունի ոչ միայն ուտելիքից, այլեւ հարկատուների հաշվին պահվող հաստատություններին հատկացումներից, եւ քանի որ չի պատկերացնում` ինչ է դա, հրավիրում ենք նրան հացադուլի վայր`փորձել գեթ մեկ օր անցկացնել այդ ցրտի եւ անմարդկային պայմաններում»:
Ս. Սաֆարյանը նշեց նաեւ, որ հենց իշխանության վարած քաղաքականության արդյունքում է հասարակությունը հացադուլի մատնվել: Եվ ցավալի է, որ բախտի քմահաճույքով բարձր պաշտոններում հայտնվել են մարդիկ, ովքեր անթույլատրելին համատեղում են օգտակարի հետ: