Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայում ապրող հայերը երկկողմանի փակել են դեպի Վալանս քաղաքը տանող A7 մայրուղին: Այդ ընթացքում թուրքեր են հայտնվել այդ տարածքում, և ծեծկռտուք է սկսվել:
Հայ ցուցարարները ցանկանում են Ֆրանսիայի ուշադրությունը հրավիրել Արցախում պատերազմին և պահանջում են համարժեք արձագանք տալ թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսիային: Ֆրանսահայերը նաև պահանջում են տեղի հեռուստաալիքներով ուղիղ եթեր ապահովել, որպեսզի այդ տարբերակով իրենց բողոքն արտահայտեն:
Ֆրանսահայերը վանկարկում են՝ «Արցախը մե՛րն է», «Հաղթելո՛ւ ենք», «Ալիևը դիկտատոր է», «Էրդողանը և Ալիևը ահաբեկիչներ են», «Ճանաչում», «Հայ զինվոր, մենք քեզ հետ ենք», «Փա՛ռք հայոց բանակին» և այլն:
Մասնակիցներից մեկը նշեց, որ պատրաստ են անել ամեն ինչ, որպեսզի միջազգային հանրությունը ոտքի կանգնի:
«Սահմանին մենք կորցնում ենք մեր 18-20 տարեկան երեխաներին, այդ պատճառով մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր ձայնը լսելի դառնա: Եթե հարկ լինի՝ օդանավակայաններ կփակենք, մեր ձայնը պետք է լսելի դարձնենք Ֆրանսիային»,- ասաց նա:
Ակցիայի ժամանակ հայերին են մոտեցել թուրքեր և սկսել սադրել: Նրանք մուրճով հարվածել են հայ ցուցարարներին, ապա հայ ցուցարարներն են նրանց հարվածել: Լևոն անունով մի տղա կորցրել է գիտակցությունը:
«Մենք մեզ համար խաղաղ ցույց էինք անում, եկան մուրճերով, դանակներով հարձակվեցին մեզ վրա»,- ասաց հայ ցուցարարներից մեկը:
Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշեց, որ իրենք խաղաղ ցույց էին անում, խցանման մեջ երեք թուրք են եղել, մուրճերով և դանակներով հարձակվել են իրենց վրա:
«Մեր ընկերոջ գլխին են հարվածել, բայց պատասխանը ստացան, երեքն էլ շտապօգնության կարիք ունեն»,- նշեց մասնակիցը:
Դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեքենան, առաջին բուժօգնություն ցույց տվել տուժածներին, ապա հոսպիտալացրել հայ տուժածին:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանական ուժեր: