կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-01 07:04
Առանց Կատեգորիա

Պատիժ` ՔԿԱԳ-ի աշխատողներին

Պատիժ` ՔԿԱԳ-ի աշխատողներին

ՀՀ Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ այսօր առավոտյան` ժամը 9.00-9.30-ի սահմաններում, նախարար Հրայր Թովմասյանն այցելել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ ՔԿԱԳ տարածքային բաժին, դրա մուտքի դուռը փակ է եղել, աշխատակիցներից որեւէ մեկը աշխատանքի եկած չի եղել` չնայած բաժնի մուտքի մոտ փակցված է եղել, որ աշխատանքը սկսվում է ժամը 9.00-ին:

 

ՀՀ քաղաքացիական կացության մասին  օրենքի 78-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման (ՔԿԱԳ) մարմինների գործունեությունը կազմակերպում է այն համայնքի ղեկավարը, որտեղ գտնվում են համապատասխան կառույցները:

 

Իսկ ՔԿԱԳ մարմինների գործունեության մեթոդական ղեկավարումն ու վերահսկողությունն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը: Հենց նույն օրենքի պահանջով կարևոր է տեղական ինքնակառավարման եւ իրավասու այլ մարմիններին առաջարկություններ ներկայացնել ՔԿԱԳ մարմնի ղեկավարներին  կամ աշխատողներին  կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ:

 

Ուստի ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր արդեն  գրավոր դիմել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին` պահանջելով քննարկել Կենտրոն և Նորք-Մարաշ ՔԿԱԳ տարածքային բաժնի աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու  հարցը եւ արդյունքների մասին տեղեկացնել:

 

Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ արդարադատության նախարարն իր առաջին` հունվարի 17-ի մամուլի ասուլիսում ասել էր, որ նախարարության աշխատակիցներն առանց զգուշացնելու`  որպես շարքային քաղաքացիներ, այցելելու են համակարգի տարբեր կառույցներ:

 

Ավելի քան մեկ ամիս առաջ` հունվարի 24-ին, տրվեց ակցիայի մեկնարկը. նախարարն անձամբ էր այցելել  մի քանի նոտարական գրասենյակներ` պարզելու, թե ինչպես են աշխատում եւ քաղաքացիներին ծառայություն մատուցում նոտարները: Համանման «այցելությունները» կրելու են պարբերական բնույթ: