կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-28 22:03
Հասարակություն

Թեման փակված համարենք

Թեման փակված համարենք

Խմբագրությունը նամակ է ստացել, որում գերմանահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ հանդես են գալիս ի պաշտպանություն Արսեն սարկավագի` համարելով, որ մեր թերթում տպագրված հոդվածներում անհիմն մեղադրանքներ են հնչում նրա հասցեին: Հարգելով մեր հայրենակիցների` կարծիք հայտնելու իրավունքը` նրանց նամակը զետեղում ենք կայքում, սակայն համարում ենք, որ այդ թեմայով արդեն ամեն ինչ ասվել է, շարունակելն իմաստ չունի:

 

Ստորեւ ներկայացնում ենէ նամակն ամբողջությամբ:

 

«Երկիր» թերթի հարգելի' խմբագիր, հարգելի' պարոնայք և տիկնայք

 

Ցավ և վիրավորանք ապրեցինք սույն թերթում հրապարակված մի քանի հոդվածներում (yerkir.am 3234, 3110) բարեշնորհ Արսեն Սարկավագի հասցեին հնչած որակումներից: Հոգևորականին վայել կեցվածքով ու հայության և եկեղեցու հանդեպ մեծ նվիրում ունեցող այս երիտասարդ եկեղեցականին նման մեղադրանքներ ներկայացնելը մեր խորին համոզմամբ պարզապես անազնիվ է խղճի և արդարության դեմ:

 

Արսենին ճանաչել ենք Գերմանիայի Լայպցիգի համալսարանում նրա ուսման տարիներին, և ամենայն պատասխանատվությամբ կարող ենք ասել, որ առավել համեստ, հավատքին և ազգին առավել նվիրված, առավել մեծ ինքնամոռաց նվիրումով և մարդկային նուրբ ըմբռնումով երիտասարդի դժվար է հանդիպել մեր օրերում:

 

Մարդիկ, հատկապես գաղթօջախներում, շատ տարբեր են և ունեն բարդ մարդկային փոխհարաբերություններ: Արսենն այն կերպարն էր, որին սիրում և հարգում էին բոլորն անխտիր: Քաղաքի և մոտակա շրջանների` երբեմն մինչ այդ եկեղեցուց խուսափող հայ մարդիկ գեթ մեկ անգամ նրա հետ շփվելուց հետո վերագտնում էին վստահությունը եկեղեցու և հոգևորականի հանդեպ և մտնում ակտիվ համայնքային կյանքի մեջ:

 

Արսեն սարկավագի շուրջ համախմբվեց Լայպցիգի հայ ուսանողությունը, նրա «թեթև ձեռքով» սկիզբ առավ Լայպցիգի հայկական համայնքը: Նրա ազդեցությամբ բոլորս ավելի մերձեցանք հավատքին և եկեղեցուն: Նրա խոսքն անկեղծ է, սրտանց, չքողարկված` ի տարբերություն ճարտասան հռետորների: Համալսարանական ուսմանը զուգընթաց` Արսենը մեծ նախանձախնդրությամբ կազմակերպում և իրականացնում էր որոշակի հովվական և համայնքային ծառայություն, որի պտուղներն այսօր ճաշակում են տեղի հայ բնակչությունը: Մեզ համար անչափ դժվար է պատկերացնել մարդու, ով կարող է ճանաչելով չսիրել Արսենին, կամ նույնիսկ անտարբեր լինել նրա նկատմամբ:

 

Մենք ընթերցել ենք «Երկիր» թերթում զետեղված հոդվածների այս շղթան: Եվ Արսեն Սարկավագին ուղղված մեղադրանքները համարում ենք ուղղակի անհիմն: Վստահ ենք, որ Մայր Աթոռում ևս նրա ծառայությունը շարունակվում է նույն եռանդով և ջանասիրությամբ: Հավատքի և բարոյականության վերահաստատման ճանապարհին հոգևորականը երբեմն կատաղի դիմադրության, երբեմն էլ պարզապես անփույթ անվստահության կամ անտարբերության է հանդիպում մարդկանց մեջ, ինչը մեծ ցավ է պատճառում շատ ազնիվ մարդկանց, այդ թվում և Արսեն սարկավագին:

 

Նրա կողմից հրապարակված հոդվածը հիասթափության անմիջական արտահայտումն էր` հանդեպ հրապարակման, որ արդարացված հետաքրքրասիրություն, բայց և անտեղին ու անվայելուչ անվստահություն և էժանագին ծաղր է պարունակում բարձրաստիճան հոգևորականի հասցեին: Սակայն սարկավագի սրտացավ վրդովմունքը որպես քաղաքական բնույթի վերլուծություն է դիտարկվել և նրան տրվել է պատասխան` անձնական բնույթի կոպիտ վիրավորանքով: Կատարվածը համարում ենք անթույլատրելի թյուրիմացություն և սպասում համապատասխան մոտեցման, թեև վստահ ենք` բացառիկ մարդկային և հոգևոր որակների տիրապետող այս եկեղեցականի հեղինակությունը չի կարող վտանգվել նման անհեթեթ դիպվածի պատճառով: Խնդրում ենք իրավիճակին տալ պատշաճ լուծում:

 

Կանխավ շնորհակալ ենք:

 

Հարգանքներով`

Ժիրայր Ավետիսյան – Մաքս Պլանկի ինստիտուտ, ասպիրանտ

Արամ Խաչատրյան – Մաքս Պլանկի ինստիտուտ, ասպիրանտ

Հայկ Միքայելյան – Մաքս Պլանկի ինստիտուտ, կոորդինատոր

Գրիգոր Գրիգորյան – Հալլեի համալսարան, ասպիրանտ

Արամ Հակոբյան – Լայպցիգ, մեքենաշինության ինժեներ

Անահիտ Բաբայան – Լայպցիգի համալսարան, ասպիրանտ

Վարդուհի Կյուրեղյան – Հալլեի համալսարան, մագիստրանտ

Քրիստինե Խաչատրյան – Հալլեի համալսարան, գիտաշխատող

Հրանուշ Ալեքսանյան – Հալլեի համալսարան, ուսանող

Նառա Գիվարգիզյան – Լայպցիգի համալսարան, ուսանող

Ամալյա Հովհաննիսյան – Լայպցիգի համալսարանի բիոքիմիայի ինստիտուտ, գիտաշխատող

Գոհար Սարգսյան – Հալլեի համալսարան, ուսանող

Միլենա Բաղդասարյան – Հալլեի համալսարան, ասպիրանտ

Մերի Մանուչարյան – Դրեզդենի նեվրոլոգիական կլինիկա, ասպիրանտ

Մարինե Մելքոնյան – Լայպցիգ, մանկավարժ

Խաչատուր Ենգոյան – Լայպցիգի կոնսերվատորիա, ուսանող

Արարատ Ստեփանյան – Էսսենի համալսարան, ուսանող

Պետրոս Սիմիդյան – Վայմարի կոնսերվատորիա, ուսանող