Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մենք լավ հասկանում ենք, որ անձին ազատությունից զրկելը նախաքննության փուլում կոտրելու, ճնշելու միջոց է: Սա արդեն մեզ մոտ, ցավոք, սովորություն է դարձել»,- ասաց ընդամենը ժամեր առաջ ձերբակալված Տիգրան Փոստանջյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Հարցին, թե ո՞րն է ձերբակալության պատճառը, Հ. Ալումյանը պատասխանեց, թե նախաքննություն իրականացնող մարմինը համարում է, որ Տ. Փոստանջյանը, գտնվելով ազատության մեջ, հնարավոր է թաքնվի քննությունից կամ անօրինական ազդեցություն գործադրի «տուժողների» նկատմամբ:
«Նախապես ասեմ, որ նման ենթադրությունների հիմքերն առհասարակ բացակայում են` նկատի ունենալով, որ դեռ ուրբաթ օրվանից իմ պաշտպանյալը գիտեր, որ իր նկատմամբ հարուցված է քրեական գործ եւ, ինչպես տեսնում եք, ոչ միայն փախուստի փորձ չի արել, այլեւ երկու անգամ` երեկ եւ այսօր, բարեխղճորեն ներկայացել է քննությանը: Այսինքն` նման մտավախությունները բացարձակ անհիմն են»,- ասաց Հ. Ալումյանը:
Դեռեւս հարց է, թե ինչո՞ւ է նախաքննությամբ զբաղվում Ազգային անվտանգության ծառայությունը: Հ. Ալումյանը նշեց, որ պարզվում է` ԱԱԾ-ում ներկայումս քննվում են անգամ խուլիգանության առիթով հարուցված գործեր. «Այսօր մեր ԱԱԾ-ն վերածվել է այնպիսի մի մարմնի, որտեղ կարող է ցանկացած գործ քննվել, եւ անբացատրելի է մնում, թե ինչու»:
Կոնկրետ այս գործի դեպքում, ըստ Հ. Ալումյանի, պարզել են, որ գլխավոր դատախազն անձամբ է ցուցում տվել, որ գործը քննվի ԱԱԾ-ի կողմից: Իսկ թե այդ ցուցումն ինչո՞վ է հիմնավորված, անհայտ է:
Փաստաբանը նշեց, որ սովորաբար ԱԱԾ-ի կողմից կալանավորման վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդությունները չեն մերժվում: Նա կարծում է, որ եթե նախաքննական մարմինը ԱԱԾ-ն չլիներ, ապա հավանականությունն ավելի մեծ կլիներ, որ դատարանն ընդուներ` իր պաշտպանյալը քննությունից թաքնվելու փորձ չի արել:
Հարցին, թե արդյո՞ք սա քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ Տ. Փոստանջյանը հայտարարել է, թե իր միջոցով փորձում են ճնշում գործադրել քրոջ` ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վրա, փաստաբանը պատասխանեց, թե այն, որ կասկածյալը պատգամավորի եղբայրն է, ոչինչ չի նշանակում: Սակայն այս գործի քննության ոճը տարբերվում է այլ` նույնատիպ գործերից:
Փաստաբանը նշեց, որ իր 14-ամյա պրակտիկայի ընթացքում երբեք չի հանդիպել այնպիսի մի դեպքի, որ միակողմանի ցուցմունքի հիման վրա`երկու կողմին չլսելով, քրեական գործ հարուցվի. «Տարբերվում է նրանով, որ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, ինչ-որ քաղաքացուց ստանալով հաղորդում, թե իմ պաշտպանյալը իրենից ապօրինաբար վարձատրություն է ստացել, հարուցում է քրեական գործ անմիջապես` իմ պաշտպանյալին գոնե մեկ անգամ չառաջարկելով ներկայացնել իր տեսակետը»:
Հիշեցնենք, որ Տիգրան Փոստանջյանը մեղադրվում է ապօրինի վարձատրություն վերցնելու մեջ` համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի: