կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-11 12:41
Քաղաքական

Էրդողանի` ավելի փափուկ դառնալն ու հին հռետորաբանությունից հրաժարվելն իր պատճառներն ունի

Էրդողանի` ավելի փափուկ դառնալն ու հին հռետորաբանությունից հրաժարվելն իր պատճառներն ունի

Պուտին-Էրդողան հանդիպումն ավելի հետաքրքիր էր, քան մինչ այդ տեղի ունեցած եռակողմ հանդիպումը, քանի որ ռուս-թուրքական հարաբերություններում հիմա, կարծես, ձնհալ է սկսվել. այսօր լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:

Ըստ նրա` ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում մեծ դեր ունեցան Թուրքիայի` բավական լարված հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձն ու այն, որ Թուրքիան չգնահատված է իրեն զգում Արևմուտքում:

«Մենք ականատես եղանք, որ Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ տնտեսական ոլորտում եղան կետեր, որոնց կատարումից եթե նախկինում Թուրքիային հաջողվում էր խուսանավել, ապա հիմա նա տեղի տվեց: Այս ամենում, բնականաբար, մեծ դեր ուներ Թուրքիայի տնտեսական վիճակը, քանի որ Թուրքիայի վրա ծանր էին նստում ՌԴ-ի կողմից իրականացվող սանկցիաները: Ուստի Էրդողանի` ավելի փափուկ դառնալն ու հին հռետորաբանությունից հրաժարվելը` թե Թուրքիան երբեք ներողություն չի խնդրելու, պայմանավորված էին այս գործոններով»,- ասաց պատգամավորը:

Այս պահին, ըստ Բեքարյանի, ռուս-թուրքական հարաբերությունները ռեստարտ են լինում, ինչը դրականորեն կազդի Հայաստանի վրա: Մեզ համար, նրա հավաստմամբ, դրական է նաև այն հանգամանքը, որ տարածաշրջանում մեծանում է ՌԴ-ի դեր: «Մենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերություն ունենք, և երբ դաշնակցիդ առավելություններն ավելանում են, դու էլ քո շահերն են ունենում այս հարցում»,- նշեց պատգամավորը: