Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի իշխանության վարած անհեռատես, չհիմնավորված եւ հախուռն արտաքին քաղաքականությունը հանգեցրեց այս վիճակին։ Պատերազմը միայն ռազմի դաշտում չի լինում․ հիմա հիբրիդային պատերազմների դար է, որտեղ քո քաղաքականության յուրաքանչյուր բաղադրիչը շատ մեծ նշանակություն ունի։ Չի կարելի մեծ տերությունների հետ այդպես անկանխատեսելի եւ հախուռն մանեւրել ու անգրագետ արտաքին քաղաքականություն վարել․ հետեւանքը, ահա, այսպիսին էր․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության մշակույթի նախկին նախարար, նախկին պատգամավոր, Արցախի պետական համալսարանի դասախոս, ՀՅԴ Արցախի կառույցի անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը։
Նա ծնունդով Քարինտակից է, որն այսօր գտնվում է թշնամու վերահսկողության տակ։ Խոսելով Արցախի վերջին պատերազմի եւ կապիտուլյացիայի մասին՝ Հովհաննիսյանը նշեց, որ պատերազմի դաշտում զորքերի ներդաշնակությունը խախտված էր, եւ անհասկանալի իրավիճակ էր տիրում։
«92 թվականին թիկունքը հստակ իր գործն էր անում, զինվորը՝ իր գործը։ Այդ կապը, ներդաշնակությունը Արցախի վերջին պատերազմում խախտված էր։ Կարծես թե գտնվում էիր ղեկավարվող մի քաոսի մեջ, որը բերեց այս իրավիճակին։ Հենց այդ՝ ոչ հեռատես ներքին եւ արտաքին քաղաքականությունը բերեց ռազմի դաշտում պարտության, սեւերի-սպիտակների բաժանումը․․․ Եթե մարդիկ գտնում են, որ պատերազմը վերջացել է, եւ իրենք հարատեւ խաղաղության մեջ են ապրելու, ապա չարաչար սխալվում են․ Արցախը տալով՝ լավ չենք ապրելու»,- ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը։
Նա տարօրինակ է համարում այն, որ թշնամին երկու ամսից ավելի է՝ նստած է Հայաստանի պետական սահմանի ներսում, եւ պետական մակարդակով որեւէ քայլ չի ձեռնարկվում՝ թշնամուն մեր երկրից հեռացնելու համար։
«Արդեն նոր ճակատ կա Երասխում․ չեմ հիշում, թե Երասխի այդ շրջանում երբ են կրակոցներ հնչել, զոհեր ու վիրավորներ եղել։ Սյունիքով թշնամիներին միջանցք տալ՝ հավասար է վերջ Հայաստանի Հանրապետությանը։ Մենք իրավունք ունենք մտածելու, որ Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները գաղտնի ու վտանգավոր գործարքի ազդակ են։ Սահմանին զինվոր է գերեվարվում, իսկ Սյունիքում մարդկանց հոգեբանական ճնշումների են ենթարկում․ սա պայքար է պայքարող մարդկանց դեմ։ Իրավունք ունենք մտածելու, որ Սյունիքում գործընթացներ են տեղի ունենալու, եւ սա այդ պայքարող հատվածին լռեցնելու ու Սյունիքը գլխատելու քաղաքականության շարունակությունն է»,- Yerkir.am-ին ասաց Արցախի Հանրապետության մշակույթի նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր, Արցախի պետական համալսարանի դասախոս, ՀՅԴ Արցախի կառույցի անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը։
Նա խոսեց նաեւ պատերազմի ընթացքում դավաճանությունների, թշնամու՝ հայկական բանակի հագուստով մեր սահմանի ներսում գտնվելու վարկածների մասին։
«Քանի որ փաստեր չկան, դժվար է խոսել դրանց մասին, բայց այն, որ մեզ իրավունք է տալիս դրա մասին մտածելու, հիմք կա՝ այդ նույն 5 միլիարդի պատմությունը եւ այլն։ Ասում են՝ անտառներում որոշ մարդկանց են հանդիպել, տարբեր էդպիսի տեղեկություններ կան, որ հայախոս ադրբեջանցի զինվորականներ են այստեղ եղել»,- նշեց Հովհաննիսյանը։
Պատերազմի եւ կապիտուլյանտ իշխանության ձեռքով Արցախի 75 տոկոսից ավելին անցավ թշնամուն, եւ, Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով, արցախցին այսօր կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև։
«Մնացած 25 տոկոսում ապրողների ճակատագիրը եւս անորոշ է․ եթե մենք լուծենք անվտանգության խնդիրները, բնակչության՝ այնտեղ մնալու խնդիրը, եթե համեմատենք Արցախի առաջին եւ վերջին պատերազմներում զոհերի թիվը, հիմա կանգնած ենք լուրջ ժողովրդագրական խնդիրների առաջ․ տղաների թիվը նվազում է»,- նշեց արցախցի պատմաբանը։
Մանրամասն՝ տեսանյութում