Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրյուսելում հունիսի 18-ին կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) և Եվրոպական միության (ԵՄ) միջև համագործակցությանը նվիրված բարձր մակարդակի առաջին համաժողովը, որը կազմակերպվել էր ՍԾՏՀԿ միջազգային մշտական քարտուղարության (ՄՄՔ), Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ ՍԾՏՀԿ-ում Բուլղարիայի և ԵՄ-ում Ռումինիայի նախագահության աջակցությամբ:
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնեցին, որ համաժողովը բացել է ՍԾՏՀԿ ՄՄՔ գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը (Michael B. Christides): Ելույթներով հանդես են եկել Ռումինիայի, Սերբիայի, Հունաստանի և Մալթայի ԱԳ նախարարները, Բուլղարիայի, Ադրբեջանի, Թուրքիայի ԱԳ փոխնախարարները, ԵՄ-ում ՌԴ, Մոլդովայի և Ուկրաինայի մշտական ներկայացուցիչները, Հունգարիայի և Լեհաստանի ԱԳ պետքարտուղարները, ինչպես նաև Համաշխարհային բանկի, Եվրոպական հանձնաժողովի և ՍԾՏՀԿ հարակից մարմինների ներկայացուցիչներ: Հնչեցված ելույթներում կարևորվել է երկու կազմակերպությունների միջև համագործակցության խորացումը և փոխգործակցության շրջանակի ընդլայնումը:
ՀՀ ԱԳՆ բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է իր ակտիվ ներգրավվածությունը միջազգային բազմակողմ տարբեր ձևաչափերում՝ մասնավորապես շեշտելով ՍԾՏՀԿ տնտեսական բաղադրիչի զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության հանձնառությունը: Ընդգծվել է, որ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, Հայաստանը միաժամանակ արդյունավետորեն ծավալում է բազմաոլորտ համագործակցություն ԵՄ հետ՝ այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիման վրա: Իր ելույթում Աշոտ Քոչարյանը կարևորել է Հայաստանի՝ որպես դեպի ծով ելք չունեցող երկրի, անարգել ներգրավվածության անհրաժեշտությունը Սևծովյան տարածաշրջանում էկոհամակարգերի զարգացմանն ուղղված ծրագրերում:
Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի՝ ՀՀ հասցեին հնչեցված մեղադրանքներին՝ Աշոտ Քոչարյանը հիշեցրել է, որ բազմաթիվ առիթներով Հայաստանի Հանրապետությունն իր վճռականությունն է արտահայտել՝ կանխելու տնտեսական բնույթ ունեցող ՍԾՏՀԿ քաղաքականացմանն ուղղված որոշ անդամ պետությունների փորձերը: Այդ համատեքստում Աշոտ Քոչարյանը հավելել է, որ ընթացիկ համաժողովը հակամարտությունների քննարկման հարթակ չի հանդիսանում՝ միաժամանակ նշելով, որ Ադրբեջանը, հերթական անգամ աղավաղում է ԼՂ հակամարտության էությունը, պատճառներն ու հանգամանքները՝ փորձելով ՀՀ դեմ ուղղված անհիմն մեղադրանքների միջոցով խուսափել իր իսկ վարած ապակառուցողական քաղաքականության պատասխանատվությունից: