կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-07 15:47
Հասարակություն

Ի՞նչ են պարզել «Նաիրիտ»-ում բռնկված հրդեհի պատճառներն ուսումնասիրած մասնագետները

Ի՞նչ են պարզել «Նաիրիտ»-ում բռնկված հրդեհի պատճառներն ուսումնասիրած մասնագետները

2017թ. օգոստոսի 28-ին «Նաիրիտ» գործարանի դյուրավառ նյութերի պահեստարաններում բռնկված հրդեհը էլեկտրականության վթարման հետևանքով չի առաջացել: Այս մասին, Yerkir.am-ի գրավոր հարցման ի պատասխան, հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Այս վարկածը բացառել է գործը քննող մասնագիտական հանձնաժողովը: Մասնավորապես, ըստ հանձնաժողովի, հրդեհի առաջացումը էլեկտրավթարային ռեժիմի երևույթներով չի պայմանավորված, քանի որ հրդեհի օջախային հատվածով էլեկտրական տնտեսություն մոնտաժված չէ: Ըստ բացատրությունների՝ տարողությունների մոտակայքում գտնվող լուսավորության համար նախատեսված էլեկտրական հաղորդալարերում, մինչև հրդեհը, էլեկտրական սնուցումն անջատված է եղել:

Հիշեցնենք, որ 2017թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Երևան քաղաքում գտնվող «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության դյուրավառ նյութերի պահեստարաններում առաջացել էր հրդեհ, որի հետևանքով այրվել էր ընկերության 2-11 տեղամասի դյուրավառ նյութերի պահեստավորման տարողություններում պահեստավորված քիմիական՝ լաք-էթինոլ դյուրավառ նյութը, մասամբ փլուզվել էին բետոնե տարողությունների տանիքները, դեֆորմացվել տանիքի մետաղական ճաղավանդակները, այրվել էր հարակից տարածքի չոր բուսածածկույթը:

Սեպտեմբերի 1-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով: Հիշյալ գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում: Համաձայն օգոստոսի 29-ին հրդեհի մասին կազմված ակտի՝ հրդեհի օջախը եղել է ընկերության 2-11 տեղամասի դյուրավառ նյութերի պահեստավորման տարողությունների թիվ 3-րդ տարողությունում:

ՔԿ-ից մեզ հայտնեցին, որ հրդեհի առաջացման վերաբերյալ առաջ են քաշվել տարբեր վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ: Նշանակվել են հրդեհատեխնիկական, քիմիական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություններ, որոնց պատասխանները դեռ չեն ստացվել: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ հրդեհի բռնկման պատճառները պարզելու համար:

Նշենք, որ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը չէր բացառել, որ «Նաիրիտ»-ում բռնկված հրդեհի պատճառը կարող է լինել մարդկային գործոնը: