կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-18 04:33
Հասարակություն

Վտանգավոր փոփոխություններ օրենքում

Վտանգավոր փոփոխություններ օրենքում

Նորմալ երեւույթ է, որ նոյեմբերի 26-ին կրոնի կամ դավանանքի ազատության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու համար Հայաստանը ԵԱՀԿ-ի կողմից արժանացել է քննադատության. Միջդավանական ներդաշնակության շաբաթվա շրջանակներում կազմակերպված կլոր սեղանի ընթացքում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

 

Վերջինս նշեց, որ օրենքի փոփոխման համար կօգտվեն Վենետիկի հանձնաժողովի փորձագետների կարծիքից, նաեւ արդարադատության նախարարության ինտերնետային կայքում կտեղադրվի փոփոխությունների ծրագիրը եւ հաշվի կառնվեն բոլոր դիտողությունները:

 

Վենետիկի հանձնաժողովի անդամ Ֆինոլա Ֆլենեգան այն կարծիքին էր, որ պետք է ընդունվի մի օրենք, որն ընդունելի կլինի շատերի համար:

 

Տիկին Ֆլենեգան նշեց մի քանի դրույթներ, որոնք պետք է փոխվեն, ինչպես նաեւ հայտարարեց, որ իրենց առաջարկությունների շուրջ երեկ արդեն քննարկումներ եղել են արդարադատության նախարարության հետ: Մասնավորապես` Ֆլենեգան անդրադարձավ օրենքի այն սահմանմանը, ըստ որի` կրոնական ազատությունը երաշխավորվում է միայն ՀՀ քաղաքացիների համար: Վերջինս պնդեց, որ այդ ազատությունը պետք է լինի բոլորի համար:

 

«Սահմանադրությունը երաշխավորում է ազատ դավանանքի իրավունքը, որը ենթադրում է կրոնը փոխելու ազատություն: Կարծում եմ` պետք է այդպիսի դրույթ լինի նաեւ Կրոնի կամ դավանանքի մասին օրենքում»,-նշեց տիկին Ֆլենեգան` մոռանալով, որ եթե ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է օրենքը, այն արդեն իսկ գործում է:

 

Ֆլենեգան կարեւորեց նաեւ հրապարակայնորեն կրոնական պատկանելությունը հայտարարելու իրավունքի ավելացումը: Բանախոսը նշեց, որ կրոնական ազատության սահմանափակումները չպետք է հիմնվեն զուտ ազգային անվտանգության կամ առողջությանը սպառնացող վտանգից, այլ պետք է լինեն սահմանափակումներ, որոնք խիստ անհրաժեշտ են, այլ ոչ թե նպատակահարմար: Հետաքրքիր է Հրայր Թովմասյանի կարծիքը, ըստ որի` կրոնական ազատությունը շատ կարեւոր է, բայց այն ոչ մի դեպքում չպետք է սպառնա պետական անվտանգությանը: Հավանաբար, Ֆլենեգան չի լսել նախարարի կարծիքը, որ սահմանը չի կարելի անցնել:

 

Այնուհետեւ Ֆլենեգան ասաց, որ կրոնի եւ արտահայտվելու իրավունքը շատ միաձույլ են, եւ այլ անձանց համոզելը պաշտպանված իրավունք է, համոզել փորձելն էլ պետք է պաշտպանված լինի, որը ներառում է նաեւ դռնեդուռ ընկնելը:

 

«Պետք է սահմանափակվի միայն բռնությամբ, խոցելի անձանց եւ կարիքավորների ներգրավումը: Չի կարող անձի կամ անձանց բուժումից հրաժարվելը կրոնական կառույցի լուծարման կամ դադարեցման հիմք լինել. պետությունը պետք է միջամտի, եթե դեպքը երեխային է առնչվում, այն էլ, երբ ծանր է վերջինիս վիճակը»,- ասաց Ֆլենեգան:

 

Վենետիկի հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ պետք է հանել դրույթը, ըստ որի` արտաքին փորձագիտական մարմինը պետք է որոշի, թե այդ հավաքը կրո՞ւմ է կրոնական բնույթ, թե՞ ոչ, եւ նոր միայն գրանցի:

 

Պետք է օրենքից հանել այն սահմանումը, ըստ որի` չգրանցված աղանդը չի կարող կրոնի ազատությունն իրականացնել, նրանք եւս պետք է միավորումներ կազմելու եւ գործելու իրավունք ունենան:

 

Հանձնաժողովի անդամները համարում են, որ օրենքից պետք է դուրս գա սահմանումը, ըստ որի` պետական մարմինն իրավունք ունի մասնակցելու այլ կազմակերպությունների ժողովին:

 

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչը չզլացավ մի շարք «պետք է եւ չպետք է»-ներ թվել, որոնք շատ վիճահարույց են եւ վտանգավոր /նույն պետության չմիջամտումը անձի` բժշկական օգնությունից հրաժարվելու դեպքում/, բայց չմոռացավ նշել նաեւ, որ երեկ արդեն իսկ եկել են որոշակի համաձայնության արդարադատության նախարարության հետ` դրույթների փոփոխության հարցում: Սպասենք հասարակության արձագանքին եւ, ինչպես Հրայր Թովմասյանը նշեց, այդ արձագանքի «հաշվի առնվելուն»: