կարևոր
760 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-08 21:55
Հասարակություն

Առանց որևէ վերապահումի համաձայն եմ գործադուլավորների և դասադուլավորների պահանջներին․ Գորիսի պետական քոլեջի տնօրեն

Առանց որևէ վերապահումի համաձայն եմ գործադուլավորների և դասադուլավորների պահանջներին․ Գորիսի պետական քոլեջի տնօրեն

Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանի հայտարարությունն է տարածել, որում ասվում է․

«Մեծագույն ցավ ու ափսոսանք եմ ապրում, որ երեկ՝ հոկտեմբերի 7-ին, և այսօր՝ հոկտեմբերի 8-ի առավոտյան ժամերին, գործադուլի և դասադուլի պատճառով, Գորիսի պետական քոլեջում խաթարված է ուսումնական գործընթացը։
Տեսնում եմ, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության համար՝ իրենց իսկ մեղքով հարյուրավոր ուսանողների ոտնահարված իրավունքը, արտառոցություն չէ։

Առանց որևէ վերապահումի համաձայն եմ գործադուլավորների և դասադուլավորների պահանջներին։
Այդ ամենից առաջ, սակայն, ինձ համար մեծագույն և անսակարկելի գաղափարն ուսանողների կրթական իրավունքի ապահովումն է, մանավանդ որ հարյուրավոր պատանիներ ու աղջիկներ մեզ հավատալով են սովորելու եկել Գորիսի պետական քոլեջ։

Ուստի և խնդրում–հորդորում եմ գործընկերներիս, իմ սիրելի ուսանողներին՝ հոկտեմբերի 8-ի այս ժամից, վերադառնալ լսարաններ ու վերականգնել ուսումնական գործընթացը, նաև առաջիկա շաբաթ օրը վերականգնել երեկվա բացթողածը։
Դուք հոկտեմբերի 7-ին՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդականի ներկայությամբ, անհամաձայնություն հայտնեցիք ստեղծվող քոլեջի տնօրենի ժ/պ–ի նշանակման վերաբերյալ նախարարի որոշմանը։

Ձեր իրավունքն է՝ հետայսու նույնպես գործել սեփական խղճի մտոք։

Բայց այս պահին դասապրոցեսը վերսկսելու համար որևէ խոչընդոտ չկա։

Հավատում եմ՝ խնդրանք–հորդորս չեք մերժի»։

Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գորիսի պետական քոլեջում և Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում արդեն երկրորդ օրն է դասադուլ և գործադուլ է։ Բանն այն է, որ Կառավարությունը դեռևս ապրիլին որոշել է միավորել այդ 2 հաստատությունները՝ Բազմագործառութային պետական քոլեջ ստեղծելու նպատակով։