|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում նախագահական պալատը գրավելու փորձ կատարած տասներեք ձերբակալված մասնակիցներին։ Նրանց սպառնում է մինչև ինը տարվա ազատազրկում, երեքշաբթի անցկացրած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գլխավոր դատախազի տեղակալ Ամիրան Գուլուաշվիլին։
Երեքշաբթի ավելի վաղ Թբիլիսիի քաղաքային դատարանը կալանավորել է ընդդիմության հինգ անդամի, որոնք ձերբակալվել են Վրաստանի նախագահական պալատի վրա հարձակման կոչ անելու համար։ Նախօրեին ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն հայտարարել էր, որ Ներքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների կապակցությամբ ձերբակալել է 13 անձի։
«13 ձերբակալված քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել ռազմավարական օբյեկտ գրավելու փորձի և խմբակային բռնությանը մասնակցելու համար»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գուլուաշվիլին։
Ըստ նրա՝ ձերբակալվածներին սպառնում է 2- 4 տարվա ազատազրկում՝ ռազմավարական օբյեկտ գրավելու փորձի համար, և 6-9 տարվա ազատազրկում՝ խմբակային բռնությանը մասնակցելու համար։
Շաբաթ օրը ցուցարարները կոտրելով երկաթե արգելապատնեշները ներխուժել են Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի նստավայրի բակ: Հատուկ նշանակության ուժերը նրանց դեմ արցունքաբեր գազ են կիրառել: Ավելի ուշ շենքի դրսում լրացուցիչ հատուկ նշանակության ուժեր են մոբիլիզացվել, իսկ ցուցարարների դեմ ջրցան մեքենա է կիրառվել: