կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-30 18:12
Հասարակություն

«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ են նախատեսվում

«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ են նախատեսվում

Կառավարությունը պատրաստվում է վաղը հավանություն տալ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

 

Նշված փոփոխություններով առաջարկվում է «Գովազդի մասին» օրենքի 2-րդ հոդվածի «անբարեխիղճ գովազդ» պարբերությունում նշված «օրենսդրությամբ» բառը փոխարինել «օրենքով» բառով, քանի որ այն հակասում է ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածի 2-րդ մասին:

 

Առաջարկվում է «Արգելվում է ռադիոհեռուստատեսային հաղորդման ընթացքում հեռարձակել գովազդ յուրաքանչյուր 1 եթերային ժամի հաշվով 14 րոպեից ավելի տևողությամբ:» նախադասությունը փոխարինել նույն իմաստը կրող՝ «Արգելվում է հեռուստատեսությամբ կամ ռադիոյով 1 եթերային ժամի ընթացքում 14 րոպեից ավելի տևողությամբ գովազդ հեռարձակելը:» նախադասությամբ իրավական նորմի հստակեցման, ընկալման դժվարություններից ու տարընթերցումից խուսափելու համար: 

 

Առաջարկվում է նաեւ հանել գովազդի համար նախատեսված միավոր մակերեսի վարձաչափերի և դրանց բոլոր փոփոխությունների' կիրարկումից առնվազն 20 օր առաջ զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցների կողմից հրապարակելու պահանջը, քանի որ գովազդի տեղադրումը հանդիսանում է զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցների կողմից մատուցվող ծառայություն, որի գինը կարող է սահմանվել պայմանագրային հիմունքներով: Բացի այդ, դժվար  է իրականացնել վերոնշյալ պահանջի կատարման վերահսկողությունը:

 

Փոփոխությունների այս նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ի կողմից և քննարկվել են գովազդի օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող ՀՀ պետական կառավարման լիազորված մարմինների հետ: Նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել է միջազգային փորձը:

 

Նախագծի ընդունմամբ  պայմանավորված ակնկալվող արդյունքը, նշվում է որոշման նախագծում, կլինի ոլորտի կարգավորման և բիզնես գործունեություն ծավալելու պայմանների բարելավումը, ոչ անհրաժեշտ պահանջների և պայմանների վերացումը և, հետևաբար,  կարգավորումների հետ կապված տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացող ծախսերի կրճատումը: