կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-12 03:09
Աշխարհ

Եվրոպայի Հայ Դատը միջամտեց ադրբեջանցիների ձեռնարկին

Եվրոպայի Հայ Դատը միջամտեց ադրբեջանցիների ձեռնարկին

Փետրվերի 9-ին Եվրախորհրդարանում կազմակերպվել էր «Մարդու իրավունքներ՝ առանց սահմանների» (Human Rights Without Frontiers) ոչ կառավարական կազմակերպության միջոցառումը՝ ռումինահպատակ հունգար, Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Լասլո Թոքեշի հովանավորությամբ։ Միջոցառման խորագիրն էր՝ «Չլուծված հակամարտության հետեւանքները. Լեռնային Ղարաբաղ»։



Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի եւ այլ կազմակերպությունների վճռորոշ միջամտության արդյունքում՝ Լասլո Թոքեշը փոփոխության ենթարկեց միջոցառման հայտագիրը եւ զանց առավ Խոջալուից ենթադրյալ մի փախստականի վկայությունը։

 

Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ ականատեսների ներկայությամբ Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները բիրտ ձեւով առգրավել են հանձնախմբի կողմից սրահի մուտքի մոտ տեղադրված լուսաբանող փաստաթղթերը։



Ի զարմանս ներկա ադրբեջանցիների, Եվրախորհրդարանի փոխնախագահ Թոքեշը նշել է, որ մարդու իրավունքներն ամեն տեղ նույնն են, եւ հիշեցրել է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի առիթով Եվրախորհրդարանի՝ 2010 թ. նոյեմբերի  22-ի լիագումար նիստի հայտարարությունը, որով կոչ ուղղվեց ԵԽ նախագահ Եժի Բուզեկին, որպեսզի նա էլ իր հերթին դիմի Եվրամիության անդամ երկրների խորհրդարաններին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով։

 

«Մարդու իրավունքներ՝ առանց սահմանների» տնօրեն Վիլի Ֆոթրեյի եւ իրավաբան Սքոթ Քրոսբիի ելույթները, որոնք անդրադարձան Արցախի հակամարտությանը, եզրափակեցին միջոցառումը՝ առանց հարցուպատասխանի հնարավորություն տալու։

 

«1988-ից ի վեր հայկական հողը լքած ադրբեջանցիները նյութական հատուցում են ստացել, սակայն Ադրբեջանը դեռեւս պարտք է մնում Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի ջարդերը վերապրած հայ փախստականներին,- ասաց Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Հիլդա Չոբոյանը։- Մենք կոչ ենք ուղղում եվրոպահայ կառույցներին, որպեսզի Հայաստանում ու Արցախում ապաստանած փախստականների կյանքի դժվար պայմանների հանդեպ հետաքրքրություն առաջացնեն Եվրոպայի քաղաքական եւ մարդասիրական կառույցներում»։


Հանձնախումբը նշում է, որ ադրբեջանցի փախստականների առկայությունը երկար տարիներ շահարկվում է Ադրբեջանի կողմից։

 

«Հայ փախստականները  պետք է նաեւ վայելեն Եվրամիության պաշտպանությունն ու օգնությունը։ Մենք  Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ նեկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի ուշադրությանը հանձնեցինք Եվրոպայի պատասխանատվությունը այս հարցում»,- եզրափակեց Հիլդա Չոբոյանը։