Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետությունն այնքան պարտավորություններ ունի ներսում, որ չի կատարում, Հայաստանում այնքան ներքին խնդիրներ կան, որ այլ հարցերի մասին մտածելն այսօր արդիական չէ. այսօր խոսելով երկպալատանի խորհրդարան ստեղծելու գաղափարի մասին` ասել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:
Երկպալատանի խորհրդարանի թեման նա համարել է ծամոն, որով ուզում են զբաղեցնել հայաստանցիներին` նրանց շեղելով իրական ու ավելի լուրջ խնդիրներից: «Դա լուրջ չէ, որովհետեւ չի բխում ոչ միջազգային իրավունքի նորմերից եւ ոչ էլ արտացոլում է հայաստանցիների այս պահի պահանջը: Ես լուրջ եմ վերաբերվում Հայաստան-Սփյուռք հարաբերություններին` դա համարելով կենսական ու կարեւոր խնդիր, բայց այդ «երկպալատանի երազը» չէ, որ կարող է նպաստել Հայաստան-Սփյուռք կապերի մերձեցմանը»,- նշել է Ա.Բլեյանը:
«Գաղափարը նոր չէ, առաջ է քաշվել դեռ 2007 թ. եւ, ըստ էության, սփյուռքյան պահանջ էր»,- այս կապակցությամբ նշել է «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Արմենական-ՌԱԿ կուսակցության նախագահ Հակոբ Ավետիքյանը: «Կարծում եմ` դա դեռեւս հում, անմշակ գաղափար է, քանի որ բազմաթիվ բարդություններ կարող է առաջացնել»,- նշել է նա:
Ըստ Ավետիքյանի` գաղափարի բարձրաձայնման համար սխալ ժամանակ է ընտրված. այն պետք է դեռ ներքին քննարկումներ անցներ ու մշակման ենթարկվեր: Սակայն նա նշել է, որ Սփյուռքի 7 միլիոն հայության շահերը ներկայացնելու համար կազմակերպչական կառույց ստեղծելու հարցում նույնիսկ ուշացել ենք, թեպետ չի բացառվում, որ «Սփյուռքյան սենատի» գաղափարը կարող է հակասության մեջ մտնել Սփյուռքում վաղուց արդեն շրջանառվող կազմակերպչական նոր կառույցի ստեղծման գաղափարի հետ: