կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-25 14:22
Քաղաքական

Ալիկ Սարգսյանը խաբված է իրեն զգում և այլևս քաղաքականությամբ չի զբաղվի

Ալիկ Սարգսյանը խաբված է իրեն զգում և այլևս քաղաքականությամբ չի զբաղվի

Նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանն իրեն չի ցածրացնի,  այս տարիքում գնա, ընկնի «ժողովրդի դուռը», ասի` սրան ընտրեք, նրան ընտրեք: «Մանավանդ` հնարավոր է, որ ասածիս մեջ արդարության պտուղը շատ թույլ լինի»,-  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Պատգամավորը նաև հավելեց, որ Ազգային ժողովից դուրս է գալու: «Դա միանշանակ է, ինձ այդ մանդատը պետք չի»,- ասաց նա:

Սարգսյանը նշեց, որ չի ցանկանում նոր իշխանությունների հետ ինչ-որ պատմություն ստեղծել: «Պետք է օգնենք, որ նոր իշխանությունները կայանան: Պատերազմի վտանգ կա, պետք է գիշեր- ցերեկ կանգնենք նոր իշխանության կողքին: Առաջին կրակոցը եղավ, պետք է չնայենք` մենք նեղացած ենք, մենք իշխանության ենք, թե իշխանության չենք, բոլորս միասին պետք է հայտնվենք այնտեղ, որտեղ պետք է: Ես այդ տրամադրությամբ ապրել եմ ու շարունակում եմ ապրել»,- ասաց նա:

Սարգսյանը նշեց, որ ինքը ոչ թե հոգնել է, այլ հիասթափված է ու իրեն խաբված է  զգում, քանի որ իր կուսակցությունը շեղվել է քաղաքական ուղեգծից: «Ես խաբված եմ, գիտեի` կուսակցությունը զբաղված է նրանով, որ երկիրը պետք է ծաղկի, բայց հիմա փաստերը բերում, ներկայացնում են մի քանիսի մասին, արդյո՞ք սա խաբվածություն չի: Որ այսպիսի շեղում եղավ կուսակցության կուրսից, որ այդպիսի բաներ արձանագրվեցին, որ այսքան ատելություն առաջացրեց ժողովրդի մեջ իրենց ինքնավստահությունը, դուք ուզում եք, որ սա ես պաշտպանե՞մ հիմա: Դուք ինձ ո՞ւմ տեղը կդնեք»,- ասաց նա:

Yerkir.am-ի հարցին` նախկինում ինչո՞ւ էր պաշտպանում այդ քաղաքական թիմին, Սարգսյանը պատասխանեց, որ նախկինում հավատացել է նրանց: «Նախկինում չգիտեի, իհարկե, չգիտեի, գիտեի, որ մեր բոլորի իմացած մարդիկ ինչ-որ այլ գործունեությամբ զբաղվում են, գիտեի որ մի քանիսն անհասկանալի հարստացել են, բայց չգիտեի, որ այսպես քաղաքական կուրսից շեղվել են»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի` պատահական չէ, որ իրեն շատերը չեն սիրում, որովհետև ինքը, որպես ոստիկանապետ էլ, իրերը կոչել է իրենց անունով:

Դիտարկմանը` հրահանգներ չի կատարել, արձագանքեց, որ երբևիցե հրահանգ չի եղել: «Իմ ղեկավարը Սերժ Սարգսյանն է եղել, պաշտոնապես հայտարարում եմ, նա ինձ երբևիցե հանձնարարական չի տվել, փառք ու պատիվ իրեն, որի համար իրենից շնորհակալ եմ: Հիմա չեմ ուզում ասել` կկատարեի, թե` ոչ, բայց չի տվել»,- ասաց Սարգսյանը: