|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Թուրքիա-Ադրբեջան մակարդակով որոշակի անհանգստացնող տարրեր են նկատվում Նախիջևանում, որտեղ վաղը` հունիսի 7-ին, մեկնարկելու է «Անխախտ եղբայրություն» զորավարժությունը: Այս մասին այսօր լրագրողներինհայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանն ու ավելացրեց` միայն անունից ենթադրել կարելի է, թե զորավարժությունների միջոցով ինչպիսի քարոզչական ճնշում է գործադրվում մեզ վրա:
Նա նշեց, որ զորավարժություններն ուղեկցվում են զանազան բնույթի սադրանքներով, որոնց, կարծես թե, չենք հետևում ու ականջալուր չենք լինում: Հստակեցրեց` Հայաստանին (առայժմ քարոզչական մակարդակով) մեղադրում են Քրդական աշխատավորական կուսակցությանն օգնություն ցուցաբերելու, այդ կուսակցության ձեռքերով, իբր, Իգդիրի հատվածում իրավիճակն ապակայունացնելու մեջ:
«Հայաստանին բոլորովին անմիտ ու անհիմն կերպով մեղսագրում են նաև ադրբեջանական գազ տեղափոխող բեռնատարի վրա հրազենային հարձակումն ու նմանօրինակ բազմաթիվ այլ խնդիրներ: Եթե հետևում եք լրատվադաշտին, տպավորություն է ստեղծվում, որ պաշտպանության նախարարությունը միայնակ է մնացել այս քարոզչության դեմ: Մեր բանակն ու պաշտպանության նախարարությունն ամենաբյուրեղացված կառույցն է, ու մեր սոցիալական, բարոյական պարտքը պետք է լինի աջակցել բանակին: Բանակը պետք է զբաղվի միայն ռազմական խնդիրներով, այլ ոչ թե քարոզչական զանազան խնդիրների արձագանքելով»,- մեկնաբանեց Ոսկանյանը:
Իրանագատը նկատել է նաև, որ դիվանագիտական մակարդակում նույնպես, կարծես, գործողություն չի ձեռնարկվում. դրա մասին կա՛մ լրատվություն չկա, կա՛մ աշխատանքներ տարվում են, բայց դրանց մասին լրատվություն չի տարածվում: Ոսկանյանն ընդգծեց, որ, հաշվի առնելով մեր երկրի շահերը, դիվանագիտություն պետք է բանեցնել Նախիջևանի մասով անվտանգության խնդիրներ ունեցող ու մեզ հետ բարեկամական հարաբերություններ պահպանող պետությունների` Իրանի ու Ռուսաստանի հետ:
«Իրանցի փորձագետներն անհանգստացած են թուրք-ադրբեջանական զորավարժություններով, որովհետև Նախիջևանը նրանց համար կենսական նշանակության գոտի է: Չեմ կարծում, թե այս զորավարժություններով պետք է խանդավառված լինի ռուսական կողմը, հետևաբար` այս հարթության մեջ մենք գործելու լայն դաշտ ունենք: Եվ գոնե դիվանագիտական մակարդակով խորհրդակցությունները կարող էին լուրջ օգուտ բերել մեր պետությանը»,- ամփոփեց Վարդան Ոսկանյանը: