Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր պաշտոնապես ներկայացրեց ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզիչ Բեռնար Շալանդին ու նրան հանձնեց ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկը:
Իր խոսքում Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ վերջին շրջանում բավական երկար քննարկվեց ազգային հավաքականի գլխավոր մարզչի ընտրության հարցը. ՀՖՖ-ն ու անձամբ ինքը բազմաթիվ մասնագետների հետ բանակցություններ անցկացրեցին, սակայն 49 պոտենցիալ թեկնածուներից ընտրվեղ Շալանդը:
Այնուհետեւ, պատասխանելով լրագրողների հարցերին, Ռուբեն Հայրապետյանն անդրադարձավ ազգային հավաքականի վերջին' Ռուսաստանի հավաքականի հետ անցկացրած ընկերական հանդիպմանը' ընդհանուր առմամբ, խաղը գնահատելով «վատ»: Նա նշեց, որ հավաքականը ավելի լավ խաղ կարող էր ցուցադրել, որը չարեց' ելնելով մի շարք պատճառներից: ՀՖՖ նախագահը առանձնացրեց այն, որ մեր ազգային հավաքականը միշտ էլ մարտ ամսին այնքան էլ հաջող ելույթ չի ունեցել, բացի այդ' Յուրա Մովսիսյանն էր վնասվածքից նոր ապաքինվել:
Իսկ հավաքականի նորանշանակ մարզիչ Բեռնար Շալանդը նշեց, թե, նայելով խաղի վիճակագրությանը, մեր հավաքականի ֆուտբոլիստները 6 կիլոմետրով ավելի քիչ են վազել խաղադաշտում, քան ռուսները, իսկ սա շատ կարեւոր խնդիր է: Նա ընդգծեց, սակայն, որ, ի դեմս Հայաստանի հավաքականի, ինքը տեսնում է թիմ, որն ունի հաջողությունների հասնելու մեծ պոտենցիալ:
Անդրադառնալով Եվրո 2016-ին այն խմբին, որում ընդգրկված է Հայաստանի ազգային հավաքականը, նորանշանակ մարզիչն ասաց, որ խումբն, իրոք, բավականին ուժեղ թիմերիվ կազմված, բայց, օրինակ, Հայաստանի հավաքականը կարողացել է նախկինում հաղթել թե' Սերբիայի, թե' Դանիայի հավաքականներին: Ինչ վերաբերում է Պորտուգալիայի հավաքականին, որի հետ մեր հավաքականը պետք է չափի իր ուժերը, ապա Բեռնար Շալանդը կատակեց` նշելով, թե հույս ունի, որ Ոոնալդուն վնասվածք կստանա ու չի մասնակցի հանդիպմանը: Իսկ արդեն լուրջ` մարզիչը հույս ունի, որ կհաջողվի այս անգամ խմբային փուլից դուրս գալ, քանի որ Հայաստանի հավաքականը նման հնարավորություն ունեցել է թե' աշխարհի առաջնության ընտրական փուլում, թե' Եվրո 2012-ի խմբային փուլում:
Լրագրողների խնդրանքով' ՀՖՖ նախագահն ու նորանշանակ մարզիչն անդրադարձան մեր թիմի մարզավիճակին ու խնդիրներին: Այն դիտարկմանը, թե մեր ազգային հավաքականը խնդիրներ ունի պաշտպանության գծում, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց, որ չի կարելի նման որակումներ տալ, քանի որ պաշտպանությունը սկսվում է հարձակման գծից, եւ եթե հարձակվողները լավ խաղային, ապա պաշտպանները չէին հայտնվի անօգնական վիճակում:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ Էդգար Մանուչարյանով, թե նրան կհրավիրե՞ն հավաքական: Ռուբեն Հայրապետյանն արձագանքեց. «Էդգար Մանուչարյանն ո՞վ է...»: Իսկ հետո շարունակեց, որ երբ Էդգար Մանուչարյանը սկսի նորմալ մարզվել, այն ժամանակ էլ մարզիչը կորոշի' հրավիրե՞լ նրան հավաքական, թե՞ ոչ: Իսկ ներկայումս, Ռուբեն Հայրապետյանի բնորոշմամբ, Էդգար Մանուչարյանը զբաղվում է ամեն ինչով, բացի ֆուտբոլից:
Իսկ Բեռնար Շալանդն ասաց, որ եթե դրսում չկան այնպիսի պաշտպաններ, որոնց կարելի է հրավիրել հավաքական, ապա ինքը պետք է աշխատի տեղի ֆուտբոլիստների հետ' Հայաստանում էլ նորմալ ֆուտբոլիստներ կան: Այնուհետեւ նա պատմեց, որ պատահաբար հեռուստացույցով տեսել է Հայաստան-Իտալիա խաղը, որի ժամանակ խիստ տպավորվել է մեր հավաքականի խաղով, սակայն այն ժամանակ չէր պատկերացնում, որ կլինի այդ թիմի գլխավոր մարզիչը: Հայաստանի ֆուտբոլի առաջնության մասին էլ նոր մարզիչնը իր դիտարկումները ներկայացրեց' նշելով, որ այնտեղ պակասում է խաղային տեմպը, իսկ մնացած առումներով վատ առաջնություն չէ:
Ի դեպ, Բեռնար Շալանդը նշեց, որ հայերեն չի սովորելու' դրա համար ժամանակ չունի ու իր ժամանակը ամբողջությամբ պատրաստվում է տրամադրել ֆուտբոլին, իսկ ֆուտբոլիստների հետ խոսելու է մի լեզվով' ֆուտբոլային: Իսկ եթե առանձին մարզիկների հետ անձնապես շփվելու խնդիր ունենա, կդիմի թարգմանչի ծառայությանը: