Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տոնավաճառներում աշխատողներին, ովքեր երեկ կառավարության շենքի մոտ բողոքում էին մաքսային ծախսերի ավելացման դեմ, քիչ առաջ ընդունեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը:
Նախարարն ասաց, թե խնդիրը ուսումնասիրելիս տեսել են, որ կա երեք օղակ, որոնց հետ առեւտրականները կարող են շփվել: Առաջինը բեռնափոխադրումը կազմակերպող ընկերությունն է, երկրորդը բեռնատարով տեղափոխողն է, երրորդը` մաքսային ծառայությունը:
Բեռնափոխադրությունը չլիցենզավորված, ազատ գործունեություն է: Այսինքն` առաջին երկու օղակները մասնավոր են, եւ միայն երրորդը` մաքսային ծառայությունն է պետական, որն էլ պաշտոնապես հայտարարում է, որ իր ծառայությունները չեն թանկացել:
«Ընդամենը մաքսայինը մի քիչ ակտիվացրել է իր օրինական գործողությունների կատարարումը»,- ասաց Մ. Վարդանյանը:
Ենթադրվում է, որ փոփոխությունները մտցրել են հենց մասնավոր` բեռնափոխադրման ընկերությունները: Նախարարի այն հարցին, թե այդ ընկերություններն ի՞նչ պատճառաբանությամբ են ավելի բարձր գումար պահանջում, առեւտրականներն ասացին, թե իրենց ասել են «կառավարությունն է բարձրացրել»:
Մ. Վարդանյանն առաջարկեց խնդիրը լուծելու համար կառավարությանը ներկայացնել բեռնափոխադրող ընկերությունների հետ կնքած իրենց պայմանագրերը: Դրանց հիման վրա էլ կփորձեն կապ հաստատել այդ ընկերությունների հետ, հասկանալ, թե ինչով են պայմանավորված նման թանկացումները:
Սակայն պարզվեց, որ առեւտրականներից եւ ոչ մեկը պայմանագիր չի կնքել այդ ընկերությունների հետ: Այն հարցին, թե եթե բեռնափոխադրողը հրաժարվի իր ապրանքը հանձնել իրենց, ապա ի՞նչ փաստաթղթի հիմքով պիտի հետ ուզեն այն, առեւտրականներից մեկը պատասխանեց. «Ուրեմն` ապրանքը կորավ»:
Այսինքն` պարզվում է այս գործարքները կատարվում են զուտ վստահության հիման վրա: Կա նաեւ հարցի մյուս կողմը` բեռնափոխադրողները ապրանքը հանձնելուց հետո առեւտրականներին տալիս են կտրոն, որը ոչ թե վկայում է, թե մարդը ստացել է իր ապրանքը, այլ որ բեռանփոխադրողից գնել է այն:
Նախարարը խորհուրդ տվեց այս դեպքում դիմել դատախազություն:
Առեւտրականները դժգոհ էին նման մոտեցումից: Միայն խնդրեցին, որ իրենց պաշոտնական տեղեկանք տան, որ մաքսային ծառայությունները չեն թանկացել: Նրանք պատրաստվում են այդ տեղեկանքը ցույց տալ բեռնափոխադրող ընկերություններին:
Նախարար Մ. Վարդանյանը խոստացավ, որ այդ տեղեկանքը առաջիկա օրերի ընթացքում նրանց կտրվի:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ