կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-30 13:54
Հասարակություն

Պատգամավորները հորդորում են առևտրականներին` գալ և իրացնել իրենց սահմանադրական իրավունքը

Պատգամավորները հորդորում են առևտրականներին` գալ և իրացնել իրենց սահմանադրական իրավունքը

Այսօր առավոտից ԱԺ շենքի առջեւ կրկին հավաքվել էին «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխություններից դժգոհ առևտրականները: Թեև, նախորդ օրվա համեմատ, այսօր նրանց թիվն այնքան էլ մեծ չէր, սակայն տարածքում ծառայություն էին իրականացնում մեծ թվով ոստիկաններ: Այնտեղ էր նաև Արաբկիր վարչական շրջանի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանը: Նշենք, որ այս պահին ԱԺ-ում է գտնվում պետական այցով Հայաստան ժամանած Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը:

 

Ակցիայի մասնակիցները yerkir.am-ի հետ զրույցում նշեցին, որ իրենք չեն պատրաստվում բղավել կամ խանգարել ԱԺ եկած հյուրին: «Մենք քաղաքակիրթ մարդիկ ենք, ուրիշ երկրի նախագահի մոտ մեր երկրի իմիջը չենք գցի»,- ասացին նրանք:

 

Առևտրականների մոտ իջան ԲՀԿ-ական պատգամավորներ Վահան Բաբայանը, Վահե Էնֆիաջյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրանք քաղաքացիներին հայտնեցին, որ պատգամավորներից հավաքել են անհրաժեշտ թվով ստորագրություններ և հանձնել ԱԺ նախագահին, որպեսզի «Շրջանառության հարկի» մասին օրենքի վերաբերյալ արտահերթ քննարկումը տեղի ունենա այսօր` ժամը 18:30-ին: Նրանք հորդորեցին քաղաքացիներին` չթուլացնել պայքարը:

 

«Ստորագրությունները հանձնել ենք ԱԺ նախագահին, նիստը կայանալու է, բայց ձեր մասնակցությունն ամենակարևոր խնդիրն է: Այն մարդիկ, ովքեր դժգոհ են, պետք է գան իրենց սահմանադրական իրավունքն իրացնեն, քանի որ չի կարելի արհամարհել սեփական ժողովրդին»,- հայտարարեեց Վահան Բաբայանը:

 

Առևտրականները պայմանավորվեցին ժամը 17:30-ի սահմաններում կրկին հավաքվել ԱԺ շենքի առջեւ և սատարել իրենց խնդիրները բարձրացնող պատգամավորներին:

 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: