կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-24 23:50
Հասարակություն

Նորածնի մահվան դեպքը դեռ հետաքննվում է

Նորածնի մահվան դեպքը դեռ հետաքննվում է

«Բժիշկը պատժվել է նրա համար, որ կնոջը չի կարողացել համոզել, ապացուցել, որ իրեն կեսարյան հատում անհրաժեշտ չէ: Եթե չի կարողացել, պարտավոր էր կատարել կեսարյան հատում»,- ասաց առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը` Ծաղկաձորում առողջապահության նախարարության եւ «Վորլդ Վիժըն»-ի կազմակերպած սեմինարի ժամանակ:

 

Խոսքը վերաբերում է նոյեմբերի 27-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում նորածնի մահացության դեպքին: Մայրը` Ծովինար Աբգարյանը պնդել էր` կեսարյան հատում անել, քանի որ բժշկական բոլոր ցուցումները եղել էին դրա համար` պտղի գլխի մեծությունը, մոր կլինիկական նեղ կոնքերը: Սակայն բժիշկը հրաժարվել է  վիրահատել, իսկ ծննդաբերությունից հետո 4.2 կգ եւ 54 սմ հասակով երեխան մահացել է:

 

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի կողմից  ստեղծված հատուկ հանձնաժողովը եզրակացրել էր, որ  Դ. Աբովյանը կատարել է բժշկական սխալ, քանի որ անհիմն մերժել է ծննդկանի ` կեսարյան հատմամաբ ծննդալուծվելու համառ պահանջը:  

 

Դեկտեմբերի 15-ին գինեկոլոգը երեք ամսով գործուղղվել է Ալավերդու բժշկական կենտրոն: Այնպիսի տպավորություն էր, թե հենց այս գործուղմամբ էլ պատժել են բժշկին, սակայն Գ. Ավագյանն հերքեց այդ ամենը: Նրա խոսքերով` բժիշկն իր սխալի համար դեռեւս միայն խիստ նկատողություն է ստացել հիվանդանոցի ղեկավարության կողմից: Իսկ մարզ նրան գործուղել են, քանի որ հասարակական ճնշումները ազդել են եւ նրա, եւ նրա մոտ հաճախող հղի կանանց վրա:

 

Գայանե Ավագյանը ասաց նաեւ, թե երեխայի մահը բժշկի մեղքով չի եղել. պատճառը ներարգանդային գեներալիզացված ինֆեկցիան է եղել, որն արտահայտվում է երեխայի ծնունդից հետո 72 ժամվա ընթացքում:

 

Նորածնի մահացության առթիվ հարուցված գործը ներկայումս գտնվում է քրեական վարույթում. «Աշխարհի եւ ոչ մի երկրում նախարարությունն իրավունք չունի բժշկից վերցնելու նրա դիպլոմը, արգելելու բժշկությամբ զբաղվել: Եթե ոստիկանությունը պարզի, որ նա սխալ է թույլ տվել, թող զրկեն բժշկության զբաղվելու իրավունքից»:

 

Գայանե Ավագյանն ասաց նաեւ, որ երեխայի ներքին օրգաններից վերցվել են նյութեր, որոնք հնարավոր է տարբեր փորձաքննությունների ուղարկել: Երեխայի ծնողներն արդեն իսկ այդ նյութերը հետազոտման համար Մոսկվա են ուղարկել:

 

Գլխավոր մասնագետի խոսքերով` սա այն դեպքն է, որ գրեթե անհավանական է ինչ-որ բաներ թաքցնելը, օրգաններից վերցված նյութերը կեղծելը,  քանի որ ԴՆԹ-ի միջոցով ամեն ինչ պարզ կդառնա, եւ ավելորդ ռիսկերի դիմողին  քրեական պատասխանտվություն է սպառնում:

 

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ