կարևոր
544 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-15 19:32
Քաղաքական

Թուրքիայի նախագահը կոչ է արել տնտեսական սահմանափակումներ կիրառել Իսրայելի նկատմամբ

Թուրքիայի նախագահը կոչ է արել տնտեսական սահմանափակումներ կիրառել Իսրայելի նկատմամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 15-ին հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի իր գործողությունները տարածաշրջանում, ուստի անհրաժեշտ է տնտեսական սահմանափակումներ կիրառել այդ երկրի դեմ։ Նրա խոսքով՝ այդ հնարավորությունն ունեն Արաբական երկրների լիգան և Իսլամական համագործակցության կազմակերպությունը։

«Մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը՝ Իսրայելի դեմ պատժամիջոցները խստացնելու համար։ Մենք պետք է օգտագործենք միջազգային իրավական մեխանիզմներ՝ Իսրայելի պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար։ Իսրայելն առաջիկայում կանգ չի առնի առանց վճռական արձագանքի և պատժամիջոցների, այլ միայն կարագացնի իր օկուպացիայի և անկայունացման քաղաքականությունը։  Հարկավոր է հիմա ընդլայնել մեր համագործակցությունը՝ հաջորդ 10 տարիներին հաղթանակ տանելու համար», – այս մասին Էրդողանն ասել է Դոհայում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գագաթնաժողովին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերի 9-ին Իսրայելի՝ Դոհային հարվածներ հասցնելու հետևանքով սպանվել են Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Խալիլ ալ-Հայան և նրա ղեկավարության ևս երեք անդամ։

Կատարը դատապարտել էր ՀԱՄԱՍ-ի քաղաքական կենտրոնակայանին հասցված հարվածը։ Կատարի արտգործնախարար Մաջիդ ալ-Անսարին հարվածն անվանել էր միջազգային օրենքի և նորմերի կոպիտ խախտում։