կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-19 23:39
Հասարակություն

Ո՞ւր գնալ հանգստանալու

Ո՞ւր գնալ հանգստանալու

2010-2011-ին զբոսաշրջության զարգացման ծրագրով նախատեսվում է, որ Հայաստան կայցելի 700 հազար զբոսաշրջիկ: Թիվը փոքր չէ, սակայն ոլորտի պատասխանատուները եւ անգամ շարքային քաղաքացիները կարծում են, որ Հայաստանում տուրիզմը զանգվածային չէ, այն թանկ հաճույք է, քանի որ բացակայում է համապատասխան գնային քաղաքականությունը: Հայաստանը տեսարժան վայրերի պակաս չունի, սակայն հյուրանոցային ծառայությունների ու սպասարկման ոլորտում տիրող բարձր գները ստիպում են հայ եւ օտարերկրացի զբոսաշրջիկին հանգիստը կազմակերպել այլ երկրներում: Այդ մասին է խոսում նաեւ վիճակագրությունը: Եթե մի քանի տարի առաջ 50-60 հազար հայ էր մեկնում Վրաստան հանգստանալու, ապա միայն նախորդ տարի Վրաստանում հանգստացողների թիվը կտրուկ աճեց` հատելով 100 հազարը: Հայաստանում մնում է միայն սոցիալապես անապահով խավը, որն իրեն չի կարող թույլ տալ հանգստանալու ոչ մեր երկրում եւ ոչ էլ երկրից դուրս: Տոնական օրերին տարբեր կարգի հյուրանոցներում մեկ անձի համար մեկ օրը միջին հաշվով արժենում էր 50-60 հազար դրամ: Ստացվում է, որ երկու անձի հանգիստը մի քանի օրվա համար կազմում է նվազագույնը 1000 դոլարից ավելի, մինչդեռ այդ գումարով հնարավոր է հանգստանալ Հայաստանից դուրս, ասենք` Անթալիայում, Եգիպտոսում, անգամ` Կանարյան կղզիներում:

 

Մասնագետները կարծում են, որ հյուրանոցների բարձր գների հիմնական պատճառներից մեկը պահանջարկի պակասն է, եւ եթե զբոսաշրջիկների քանակը կտրուկ աճի, հետեւաբար եւ հյուրանոցների թիվը կավելանա, եւ մրցակցությունը կընդլայնվի, եւ հյուրանոցներն իրենց թույլ կտան ավելի էժան գնային քաղաքականությամբ աշխատել: