կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-05 21:33
Քաղաքական

Սեյրան Օհանյանը հանգստանալու իրավունք ունի. Վահրամ Բաղդասարյան

Սեյրան Օհանյանը հանգստանալու իրավունք ունի. Վահրամ Բաղդասարյան

Բնականաբար, երբ լինում են փոփոխություններ, ազատումներ, սկսվում են լրատվական ենթադրությունները.  Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբացության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանի՝ ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու խոսակցություններին:

«Ես որևէ անգամ նման տրամադրվածություն չեմ զգացել Սեյրան Օհանյանի մոտ, թե քաղաքական դաշտում իր հետագա գործունեությունը շարունակելու է ընդդիմադիր դաշտում»,- ասաց ՀՀԿ-ականը:

Ըստ Բաղդասարյանի՝ Սեյրան Օհանյանն այնքան պարկեշտ անձնավորություն է, որ նման իրավիճակներում նեղացվածության որևէ դրսևորում չի ցուցաբերի և չի ցուցաբերելու: «Ես մի քանի անգամ կրկնել եմ, որ որևէ մեկի ճակատագրում չկա, որ ինքը միշտ պետք է լինի նախարար, վարչապետ կամ պատգամավոր»,- նշեց նա:

Մեր այն հարցին՝ ապրիլյան պատերազմն ի՞նչ դերակատարություն ունեցավ Սեյրան Օհանյանին պաշտոնանկ անելու հարցում, Բաղդասարյանն արձագանքեց. «Սեյրան Օհանյանը պատվով կատարեց ապրիլյան պատերազմում իր պարտականությունները: Նրա ռազմական ունակությունների արդյունքում մենք այսօր հաղթանակած ենք, և ես խնդրում եմ, որ ոչ ոք այդ դաշտում չտեսնի Սեյրան Օհանյանի պաշտոնանկության խնդիրները»:

Ըստ Բաղդասարյանի՝ պետք է մի փոքր տարանջատել շտաբի պետի և պաշտպանության նախարարի լիազորությունները: «Նոր Սահմանադրությամբ` շտաբի պետը դառնում է համար մեկ զինվորականը, և այնտեղ բավական լուրջ կազմակերպչական գործեր կան, որով պետք է զբաղվի նախարարը: Ավելի նպատակահարմար է, որ այնտեղ լինի ավելի շատ քաղաքացիական անձ, բանիմաց, ինտելեկտուալ անձնավորություն, որի ընտրությունը կատարվել է շատ ճիշտ»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Իսկ Սեյրան Օհանյանի հետագա գործունեության մասին հարցին էլ պատասխանեց, որ պարոն Օհանյանը հանգստանալու իրավունք ունի, և որ նա ինքը հետո այդ հարցերին կպատասխանի: