կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-27 18:07
Հասարակություն

Շա~տ են հոգնել, հիմա էլ հանգստանալու են

Շա~տ են հոգնել, հիմա էլ հանգստանալու են

ԱԺ-ն ավարտեց հերթական` գարնանային նստաշրջանը, եւ հիմա ժողովրդի ընտրյալները լիովին պատրաստ են վայելել վաստակած հանգիստը, թե ի՞նչ խղճով, արդեն այլ հարց է:

Մեզ հետաքրքրողն այս պարագայում այն է, թե որտե՞ղ են նրանք անցկացնելու ամառային հանգիստն ու որքա՞ն են նախատեսում ծախսել այդ նպատակով մեր ազգընտիրները:

ԱԺ հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը, օրինակ, որոշել է մնալ Հայաստանում. այդպիսի սովորություն ունի արդեն տարիներ շարունակ: Իսկ արձակուրդի համար նախատեսում է ծախսել այնքան, որքան սովորական ամիսներին:

ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր` ջավախքցի Շիրակ Թորոսյանը, թեեւ սովորաբար նախընտրում է հանգստանալ իր հայրենի երկրում, սակայն արդեն երկու տարի է` զրկված է այդ հնարավորությունից. վրացական իշխանությունները թույլ չեն տալիս հատել հայ-վրացական սահմանը` կապված նրա քաղաքական գործունեության հետ:

«Նաեւ ամեն տարի մեկնում էի Արեւմտյան Հայաստան` շրջագայության, բայց քանի որ ճանապարհն անցնում էր Վրաստանով, արդեն երկու տարի է` զրկված եմ նաեւ այդ հնարավորությունից»,- մեզ հետ զրույցում ասաց նա` ուրախությամբ նշելով, որ այս տարի «ալտերնատիվ» ելք է մտածել. Արեւմտյան Հայաստան է գնալու Պարսկաստանով:

Մեր հարցին` արդյո՞ք էկզոտիկ երկրներն ու կղզիներն իրեն չեն հրապուրում, պատգամավորը պատասխանեց, որ, անշուշտ, հրապուրում են, բայց դրանք նախ մեծ գումարներ են պահանջում, երկրորդ` այս տարի նման ցանկություն չունի: Իսկ հանգստի համար Շիրակ Թորոսյանը նախատեսում է ծախսել այնքան, որքան ներում է հնարավորությունը:

ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը եւս իրեն թույլ չի տալիս շատ ծախսել: «Մեկնելու կտրվածքով» դեռեւս չի հասցրել մտածել: Ամենայն հավանականությամբ, Հայաստանից դուրս չի գա: «Ճիշտն ասած, մինչեւ այսօր կարգին չեմ էլ հասկացել` ինչ բան է հանգիստը»,- անկեղծացավ նա` նշելով, որ ամենալավ հանգիստը տանն է:

Իսկ ահա ԱԺ գործարար պատգամավորները, ինչպեսեւ ենթադրում էինք, շատ ու քիչ ծախսելու խնդիր չունեն: Միակ բացառությունը, թերեւս, Հակոբ Հակոբյանն է, ով մեզ հետ զրույցում հետաքրքիր բացահայտում արեց` ասելով, որ «արձակուրդը նրա համար չի, որ շատ փող ծախսես, արձակուրդը նրա համար է, որ քիչ փողով լավ հանգստանաս»:

Մարտունեցի պատգամավորին էկզոտիկ երկրները չեն գրավում. որոշել է արձակուրդներն անցկացնել կա'մ ընտրատարածքում` Սեւանի ափին, կա'մ էլ Սեւ ծովում. պարզվում է` «Արփա-Սեւան»-ի նախագահը ջրի մեծ սիրահար է: Հարցին` որքան է նախատեսում ծախսել, գործարարը նախ դժվարացավ պատասխանել, ապա ասաց. «Դե, նորմալ, էլի, հնարավորության սահմաններում»:

Հնարավորություններից չի դժգոհում նաեւ մեկ այլ գործարար պատգամավոր` Խաչիկ Մանուկյանը: «Մաքս-Գրուպ» կոնցեռնի ղեկավարը որոշել է հանգիստն անցկացնել Հայաստանում. երկրից դուրս գալու ցանկություններ չունի, «որովհետեւ այստեղ ահագին անելիքներ կան»:

Մեր հարցին` արդյո՞ք ավելի հարուստ երկրներ մեկնելու ցանկություն չունի, նա պատասխանեց. «Ինչ է, Հայաստանում հանգստանալու տեղ չկա՞»:

«Այսինքն`նախընտրում եք Հայաստա՞նը, ոչ թե որեւէ թանկարժեք երկիր կամ կղզյա՞կ»,- հարցրինք:

«Բայց ո՞վ ասեց, որ Հայաստանը թանկարժեք չի: Այ, օրինակ, մեր Հայաստանում հանգստանալու, ծախսեր անելու համար կարաս հանգիստ դրսում հանգստանաս էդ գումարներով»:

Որքա՞ն է նախատեսում ծախսել` հետաքրքրվեցինք: «Համենայն դեպս, վատ չեմ նախատեսում, լավ եմ նախատեսում: Եթե կոնկրետ հանգստանալու խնդիր է, չենք ափսոսում ծախսելու համար, այսինքն` մարդու հանգստանալը էն հարցն ա, որ, ասենք, ինչքան լավ հանգստանա, էնքան լավ կսկսես աշխատել, իսկ լավ հանգստանալու համար նաեւ լավ ծախսել ա պետք»:

Իսկ ահա Վոլոդյա Բադալյանը կարծում է, որ Հայաստանում հանգստանալը մեծ ծախսեր չի պահանջում: Սովորաբար հանգստանում է Ռուսաստանում, բայց այս տարի, հավանաբար, Հայաստանում կմնա, թերեւս կգնա Ծաղկաձոր, հանգստին էլ կնվիրի ընդամենը 10 օր:

«Որքա՞ն գումար եք նախատեսում ծախսել» հարցին պատասխանեց. «Դե, ինչքան որ կծախսեմ, Ծաղկաձորում ի՞նչ պիտի ծախսվի որ»:

«Այսինքն, Ձեր կարծիքով, քի՞չ է ծախսվում Ծաղկաձորում կամ, առհասարակ, Հայաստանում»,- հարցրինք: «Դա ի՞նչ հարց է, որ տալիս եք: Նայած ծախսողին, կարող ա` մի օրում մարդ շատ ծախսի, կարող ա` վաբշե չծախսի, դա ի՞նչ կապ ունի: Ես իմ ընտանիքով, իմ թոռնիկների հետ միասին որոշել եմ մի շաբաթ Ծաղկաձորում հանգստանալ, դա ընտանեկան հանգիստ ա, հիմա թե ինչքան կծախսվի, ես ի՞նչ կարող եմ ասել»:

Պարզվում է, որ ընդհանրապես ամառային հանգստի չի գնում գործարար պատգամավոր Միշա Ստեփանյանը, եւ այս ամառն էլ բացառություն չի լինի. կմնա Հայաստանում, «որովհետեւ աշխատանքներ ունի, ծրագրեր, հանձնարարություններ...»: «Բրդի մթերումներում պետք է օգտակար լինեմ, նաեւ ոչխարաբուծության հետ կապված այլ հարցերում»,- ասաց պատգամավորը` նշելով, որ մինչ այս էլ հանգստացել է միայն Հայաստանում: Իսկ եթե արձակուրդ չի գնում, բնականաբար, գումար ծախսելու մասին էլ խոսք լինել չի կարող:

Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ