Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում հրապարակվել են հասարակական կարծիքի հերթական հարցման արդյունքները, ըստ որոնց՝ թուրքերի 3.1%-ը Հայաստանը համարում է որպես սպառնալիք ներկայացնող երկիր։
Թուրքական Aksam («Աքշամ») օրաթերթի տեղեկացմամբ՝ հարցումն իրականացվել է Թուրքիայի 26 նահանգներում Քադիր Հաս համալսարանի սոցիալ-քաղաքական հետազոտությունների կենտրոնի կողմից։
Հարցման հազար մասնակիցներին (500 տղամարդ եւ 500 կին) ուղղվել են տարբեր հարցեր, այդ թվում՝ Քրդական աշխատավորական կուսակցության (PKK), Թուրքիայի՝ Եվրամիության անդամակցության, Թուրքիայի ներքին խնդիրների, քրդական հիմնախնդրի, ինչպես նաեւ Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների վերաբերյալ։
Հարցման մասնակիցների 52.1%-ի կարծիքով՝ քրդերին հաջողվելու է ի վերջո ստեղծել առանձին պետություն։ Նրանց 64.5%-ը կարծում է, որ Թուրքիայի իշխանությունները չպետք է բանակցեն PKK-ի եւ Աբդուլլահ Օջալանի հետ, 88%-ի կարծիքով՝ «Խաղաղություն եւ ժողովրդավարությունե կուսակցությունը կապեր ունի PKK-ի հետ, իսկ 53%-ը կարծում է, որ Թուրքիան կանգնած է մասնատման վտանգի առջեւ։
Հարցվածների գերակշռող մասը կարծում է, որ Թուրքիայի հիմնական խնդիրը գործազրկությունն է, որի համար պատասխանատու են իշխանությունները։
Ըստ հարցման արդյունքների՝ թուրքերը սկսել են ավելի քիչ վստահել ընդդիմությանը։
Հարցման մասնակիցների 65.2%-ի կարծիքով՝ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն չի կարող ղեկավարել Թուրքիան, իսկ 85.6%-ը՝ «Ազգայնական շարժումե կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին։
Հարցման մասնակիցների 43%-ը դեմ է, որ Թուրքիան միանա Եվրամիությանը, 53%-ը աջակցում է Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը, իսկ 37%-ն էլ կարծում է, որ Թուրքիան ի վերջո կդառնա ԵՄ անդամ։
Այն հարցին, թե որ երկիրն է սպառնալիք ներկայացնում Թուրքիայի եւ թուրքերի համար, հարցվածների 67.8%-ը պատասխանել է Միացյալ Նահանգները, 51%-ը՝ Իսրայելը, 9.6%-ը՝ Իրանը, 8.5%-ը՝ Իրաքը, 7.8%-ը՝ Հունաստանը, 4.7%-ը՝ Ռուսաստանը, 3.1%-ը՝ Հայաստանը, 3.1%-ը` Բրիտանիան, 2.6%-ը՝ ԵՄ անդամ պետությունները, 2.4%-ը՝ Ֆրանսիան, 1.6%-ը՝ Սիրիան։
Նշենք, որ ավելի վաղ թուրք բնակչության շրջանում նմանատիպ հարցում էր անցկացրել Անկարայում տեղակայված MetroPOLL ռազմավարական եւ հասարակական հետազոտությունների կենտրոնը։ MetroPOLL-ի հարցման մասնակիցների կարծիքով՝ Թուրքիայի համար հիմնական սպառնալիք ներկայացնող երկրների ցուցակը դարձյալ գլխավորել էին Միացյալ Նահանգները (43%) եւ Իսրայելը (24%)։ Հարցման մասնակիցների միայն 1%-ն էր կարծիք հայտնել, որ Հայաստանը սպառնալիք է ներկայացնում Թուրքիայի համար։