Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օրերս հանրապետության շուրջ 91 ավագ դպրոցներում Գնահատման եւ թեստավորման կենտրոնն անցկացրեց արտաքին ընթացիկ գնահատում: Այսինքն` 5-11-րդ դասարանների աշակերտներին հատկացրել էին հայոց լեզու, հայ գրականություն եւ մաթեմատիկա առարկաներից թեստեր` ամփոփելու համար նախորդ տարվա գիտելիքների արդյունքները:
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մշակումների եւ կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանն ասաց, որ այդ առարկաներից ստացված գրավոր աշխատանքների թիվը կազմում է մոտ 40.000, իսկ արդյունքն այն է, ինչ որ կա դպրոցում. «Մակարդակը ոչ թե վատ է, այլ՝ շատ վատ: Երեւանում միջին մակարդակը 10 բալանոց համակարգում հայոց լեզվից 3,8-ն է` այն դեպքում, երբ դրական գնահատական է համարվում 4 բալը»:
Նույն թեստն անցկացվել է նաեւ մարզերում, եւ հերթական անգամ Երեւանի դեմքը պարզեցին մարզերը. մարզերի գնահատականով հանրապետությունում միջինը բալը դարձավ 4-ը:
Արտաքին ընթացիկ գնահատման արդյուքում ամենաբարձր ցուցանիշը տվել է Տավուշը եւ Սյունիքը. մաթեմատիկան` 4,2, հայ գրականությունը` 4,7 բալ: Ամենավատ արդյունքը գրանցվել է Արմավիրում. երկու առարկաների դեպքում էլ անբավարար է եղել միջին ցուցանիշը:
Նոր-Նորքի 159-րդ դպրոցի տնօրեն պարոն Հակոբյանն այս առումով նշեց, որ ընդհանուր գնահատականներից հանել միջին բալը` նշանակում է ավելի խառնել եղածը, նման դեպքերում պետք է հաշվել, թե քանի տոկոսն են որակ կազմում: Ինչ վերաբերում է իրենց դպրոցի տված ցուցանիշներին, ապա այն նորմալ է` համեմատած այլ դպրոցների ցուցանիշների հետ:
Գնահատման եւ թեստավորման կենտրոնը հավաստիացնում է, որ իրենք միտված է ասելու, թե ինչո՞ւ երեխան չի սովորում: Եվ, ինչպես պարզվել է անցկացրած թեստերից եւ հարցումներից, առաջինից չորրորդ դասարաններում երեխայով հետաքրքրվում է ուսուցիչը, ծնողը, շրջապատը: Այսինքն` երեխան ինքն էլ ուշադրության կենտրոնում լինելով` սկսում է սովորել: Իսկ միջին դպրոցում, ինչպես կարծում է Նասիբյանը, արդեն մի շարք ուսուցիչներ եւ առարկաներ լցվում են երեխայի գլխին, եւ ծնողը կարծես թե էլ չի օգնում երեխային, ուսուցիչներից յուրաքանչյուրն էլ իր գործով է զբաղվում: Այս ամենին գումարած` դասագրքերի լեզուն, որը դժվար թե դպրոցականին հետաքրքրի:
Հիրավի, աշակերտները նույնպես բողոքում են դասագրքերի` ոչ մատչելի լինելուց. «Ախր, մի դասի մեջ այնքան շատ անուններ, թվեր ու տերմիններ կան, որ ստիպված կամ չենք սովորում կամ էլ մեզ դաս հարցնելու օրերին մի կերպ անգիր ենք անում, ու դասը պատմելուց հետո` լրիվ մոռանում»,- բողոքում է 7-րդ դասարանցի Արարատ Հարությունյանը:
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի արտաքին գնահատման արդյունքներն, ըստ Կ.Նասիբյանի, աշակերտին զգոնություն կտա, կստեղծի ներքին մրցակցության դաշտ: Իսկ ուսուցիչներին թույլ չի տա գնահատելու ժամանակ չափից դուրս մեծահոգի լինել, քանի որ կենտրոնի «արձանագրածե գնահատականները համեմատվելու են դասամատյանում առկա գնահատականների հետ:
Վահան Տերյանի դպրոցի տնօրեն Ալվարդ Առաքելյանը նշեց, որ լավ արդյունքի կարելի է հասնել միայն նվիրման եւ սիրո միջոցով, երբ ուսուցիչը զգա, որ 40 րոպեում կարելի է աշակերտին շատ բան տալ, իսկ արտաքին գնահատման ցածր տվյալներում յուրաքանչյուրն իր բաժինն ունի. «Մենք արդեն քննարկել ենք հարցը, եւ մեր առաջին քայլը դասին աշակերտների 90 տոկոսի ներկայությունն ապահովելն է: Իսկ արդյունքը քայլ առ քայլ կլինի, եթե աշխատենք օբյեկտիվ լինել»:
Ուշագրավ է հանգամանքը, որ հնարավոր է արտաքին գնահատման արդյունքները հետագայում հիմք ծառայեն ԲՈՒՀ ընդունվելու համար: Այս հարցը վերջերս բարձրացրել է Գնահատման եւ թեստավորման կենտրոնն Արզնիում կայացած խորհրդաժողովի ժամանակ: Կ.Նասիբյանը կարծում է, որ հարցը կարող է որակական փոփոխության հանգեցնել. աշակերտը կգիտակցի, որ դպրոցում լավ սովորելով` նպաստում է ԲՈՒՀ ընդունվելուն: